Գերմանիան, Ֆրանսիան և Իտալիան անհանգստացած են Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի, ինչպես նաև Արևմտյան Բալկանյան երկրների՝ Եվրամիության հետ առանց վիզայի ռեժիմի չարաշահումից: Euobserver-ը, վկայակոչելով ԵՄ ներքին փաստաթուղթը, գրում է, որ եվրոպական մի շարք պետություններ պատրաստվում են բարձրացնել այդ երկրների համար առանց վիզայի ռեժիմը չեղարկելու հարցը:
Ըստ փաստաթղթի՝ չարաշահումը նշանակում է, որ առանց վիզայի երկրների քաղաքացիներն անօրինական բնակվում են ԵՄ տարածքում, ինչպես նաև փորձում են առանց որոշակի հիմնավորումների ապաստան ստանալ ԵՄ որևէ երկրում:
Միաժամանակ, եվրոպական երկրների մեծամասնությանն անհանգստացնում է Մոլդովայի քաղաքացիների կողմից բռնությունների դեպքերի աճը, խախտումների թիվը 2019 թվականի տվյալների համեմատ աճել է 429%-ով: Չեխիայում էլ ավելացել է երկրում ապաստան ստանալու համար ուկրաինացիների, ինչպես նաև վրացիների ու մոլդովացիների անհիմն միջնորդությունների թիվը, ինչը լրջորեն մտահոգում է Պրահային:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եվրամիությունն այլևս չի կարող երաշխավորել Արևմտյան Բալկանների վեց երկրի ապագա անդամակցությունը միությանը: