«Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆիանսավորմամբ Արցախում կառուցվում է 54 կիլոմետր ճանապարհ, որից 27-ը Մարտակերտ-Ներքին-Հոռաթաղ-Ծաղկաշեն-Վարդաձոր-Ճանկաթաղ ճանապարհն է:
Մարատ Մուսայելյան (Արցախի ՔՆ կապիտալ շինարարության վարչության բաժնի պետ) - Երթևեկելի մասի լայնությունը 6 մետր է՝ գումարած մեկական մետր կողնակներ երկու կողմից: Ճանապարհը նախատեսվում է ավարտին հասցնել 2022 թվականի հոկտեմբերին, բայց մենք ձգտում ենք՝ ավելի շուտ:
Կառուցվող ճանապարհով կկրճատվի Ստեփանակերտից Մարտակերտ երթևեկության տևողությունը: Շուրջ 6,5 կիլոմետր ամբողջությամբ նոր ճանապարհ է լինելու: Հունիսի կեսից հիմնականում հողային աշխատանքներ են կատարում: Նախատեսում են հոկտեմբերի սկզբին ասֆալտապատել:
Հենրիկ Հարությունյան (աշխղեկ) - Բոլոր ուժերն ու միջոցները կան, որպեսզի սահմանված ժամկետներում հասցնենք ասֆալտապատել, ունենք բոլոր միջոցները, տեխնիկաները: Հասցնելու ենք ըստ ժամկետի կառուցել ճանապարհը:
Ասֆալտապատ ճանապարհը գյուղական համայնքների զարգացման կարևոր նախապայման է՝ ասում է հիմնադրամի փոխտնօրեն Արարատ Խլղաթյանը: Շինարարությունն իրականացնում է 3 ընկերություն, արժեքը 3 միլիարդ 285 միլիոն դրամ է:
Արարատ Խլղաթյան («Հայաստան» համահայկական հիմնադրամի փոխտնօրեն) - Աշխատանքներն ընթանում են ըստ գրաֆիկի: Ներկա պահին, բնականաբար, կան խնդիրներ, որոնք առաջանում են աշխատանքների ընթացքում: Մենք ամենօրյա աշխատանքի շնորհիվ կապալառուների հետ քննարկում ենք ինչ-ինչ խնդիրներ, եթե նախագծային փոփոխություններ լինում են, տեղում կազմակերպում ենք և չենք խոչընդոտում շինարարության հետագա ընթացքին:
Արարատ Խլղաթյանին ընդունել է Արցախի նախագահը, քննարկել ծրագրերի ընթացքն ու նոր նախագծերը: Արայիկ Հարությունյանը նշել է, որ միայն հայության ջանքերի միավորմամբ է հնարավոր Արցախում ապրելու և արարելու պայմաններ ստեղծել:
Հենց այդ ջանքերը միավորելով էլ «Հայաստան» համահայկականը Արցախում նաև մեծածավալ բնակարանաշինական ծրագրեր է իրականացնում: Հիմնադրամի ֆիանսավորմամբ Արցախում 1075 բնակարան և առանձնատուն է կառուցվում: