Գյումրիի նախկին քաղաքապետ, ԱԺ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Վերաքննիչ դատարանի՝ կալանավորման որոշումից հետո նա դիմել է փախուստի:
«Լուրերի» հարցին՝ իրավապահները տեղեկություն ունե՞ն Ղուկասյանը Հայաստանի տարածքում է, թե՞ հասցրել է լքել երկիրը, Շիրակի մարզի դատախազության ավագ դատախազ Արթուր Մնոյանը պատասխանեց.
Արթուր Մնոյան, Շիրակի մարզի դատախազության ավագ դատախազ - Վերջինս թաքնվում է վարույթն իրականացնող մարմնից, ձեռնարկվում են միջոցառումներ՝ մեղադրյալի գտնվելու վայրը հայտնաբերելու ուղղությամբ:
Օգոստոսի 19-ին Սպարտակ Ղուկասյանի մասնակցությամբ նոր միջադեպ է տեղի ունեցել, նրան ձերբակալել էին ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու կասկածանքով, ապա մեղադրանք առաջադրել: Նախաքննական մարմինը նրան կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որը, սակայն, մերժվել էր, և Ղուկասյանը դատարանի դահլիճից ազատ էր արձակվել:
Քննիչը Ղուկասյանին կալանավորելու միջնորդությունում երեք հիմք էր ներկայացրել:
Արթուր Մնոյան - Մասնավորապես, որ մեղադրյալն ազատության մեջ մնալով՝ կփորձի թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից, ազատության մեջ մնալու պայմաններում կխոչընդոտի գործի քննությանը՝ քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով և երրորդը, որ մեղադրյալ Սպարտակ Ղուկասյանն ազատութան մեջ մնալու պայմաններում կարող է կատարել քրեական օրենքով չթույլատրված արարք։ Դատարանը, քննության առնելով ներկայացված միջնորդությունը, հիմնավոր էր համարել, որ առկա է ներկայացված հիմնավորումներից միայն մեկը, սակայն այնքան նվազ, որ անհրաժեշտ չէ կիրառել կալանավորումը:
Մնոյանն ասաց՝ որոշումը բողոքարկվել է Վերաքննիչ դատարանում և բավարարվել: Դատախազի խոսքով՝ մինչ Վերաքննիչի որոշումը, այլ խափանման միջոց Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ ընտրված չի եղել։
Արթուր Մնոյան - Քանի որ ինչպես վարույթն իրականացնող մարմնի, այնպես էլ հսկողություն դատախազի կողմից եղել է դիրքորոշում այն մասին, որ մեղադրյալի պատշաճ վարքագիծը հնարավոր է ապահովել միայն կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելով։
13 տարի Գյումրին ղեկավարած Վարդան Ղուկասյանի որդին առաջին անգամ չէ հայտնվում միջադեպերի կիզակետում: Տասնյակ քրեական գործերից, սակայն, միայն մեկով է դատական ակտ կայացվել: Մասնավորապես, 2007 թվականին Գյումրիի Տերյան և Ղուկասյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած փոխհրաձգության գործով նա դատապարտվել էր 1,5 տարվա ազատազրկման, սակայն անազատության մեջ անցկացրել է միայն վեց ամիս։
Մյուս քրեական գործերը կարճվել են հանցակազմի բացակայության պատճառով։ Դրանցից վերջինը կապված էր զինվորական ծառայությունից ապօրինի հիմքով ազատվելուն: Քրեական գործով անցնում է նաև Վարդան Ղուկասյանը․ նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու 38 դրվագներով։
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան