Երգիչ, երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Հակոբյանը՝ բոլորին հայտնի Հայկոն, մահացել է 48 տարեկան հասակում: Այս մասին «Լուրեր»-ին հայտնեց ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը:
Հիշեցնենք, որ Հայկոն վարակվել էր կորոնավիրուսով և ծանր վիճակում տեղափոխվել «Միքայելյան» հիվանդանոց:
Հայկ Հակոբյանը ծնվել է 1973 թ. օգոստոսի 25-ին Երևանում: 1987 թ. ավարտել է Երևանի Տ. Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցը և ընդունվել Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան: 1999 թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան:
1996 թ. «Մոսկվա 96» երգի փառատոնին արժանացել է 1-ին մրցանակի: 1997 թ. մասնակցել է Նյու Յորքի Big Apple երգի փառատոնին և դարձել հաղթող: 1998 թ. հայկական «Այո» երգի մրցույթին արժանացել է «Լավագույն հեղինակ-կատարող» մրցանակի: 1998 թ., 1999 թ., 2002 թ., 2003 թ. և 2006 թ. հայկական երաժշտական ամենամյա մրցանակաբաշխությունների ժամանակ արժանացել է «Տարվա լավագույն երգիչ» մրցանակին, 2002 թ.` «Տարվա լավագույն նախագիծ», «Տարվա լավագույն ալբոմ», 2003 թ.` «Տարվա լավագույն տեսասկավառակ» մրցանակներին:
2003 թ. առաջին մենահամերգով հանդես է եկել ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում: 2007 թ. Anytime you need երգով ներկայացրել է Հայաստանը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի ժամանակ և զբաղեցրել 8-րդ տեղը: Հեղինակել է «Մի՛ վախեցիր» (2007 թ., «Տարվա լավագույն կոմպոզիտոր»), «Ոչինչ չի մնա» (2007 թ.), «Սպանված աղավնի» (2009 թ., «Տարվա լավագույն կոմպոզիտոր»), «Խաչագողի հիշատակարանը» (2010 թ., «Տարվա լավագույն կոմպոզիտոր»), «Հոբելյանական հաճախորդ» (2011 թ.), «Վանա ծովուն արշալույսը» (2011 թ.), «Գարեգին Նժդեհ» (2013 թ.), «Մեր սրտի տնակը» (2014 թ.) և այլ ֆիլմերի երաժշտություններ: 2011 թ. Մոսկվայի հայկական երաժշտական «Արմենիա» ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տասնամյակի երգիչ» մրցանակին:
2012 թ. «Արմենիա» հեռուստաընկերությամբ հանդես է եկել` որպես «Հայաստանի ձայնը» հեռուստանախագծի երաժշտական պրոդյուսեր: Թողարկել է «Ռոմանս» (2000 թ.), «Նորից» (2003 թ.), «Մի խոսքով» (2007 թ.), «Ես քեզ սիրահարվել եմ» (2014 թ.) ձայնասկավառակները, երկու տեսասկավառակ: Նկարահանել է շուրջ 20 տեսահոլովակ: 2006 թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: