ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Նկարիչների միությունում մեկնարկել է «1080 ժամ» խորագրով ֆոտոպատմության եռօրյա ցուցադրությունը՝ նկարահանված 44-օրյա պատերազմի ընթացքում։
Ցուցադրության բացմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանը։
Ֆոտոպատմության հեղինակն է Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից Միքայել Նազարենկոն: Ցուցադրությունը ռազմաճակատում անցկացրած յուրաքանչյուր օրվա, պատերազմի մասնակիցների առօրյայի, կենցաղի, կռվի խաղաղ կողմի մասին է:
Ցուցահանդեսի շրջանակում առաջին անգամ ցուցադրվել է նաև «1080 ժամ» խորագրով փաստավավերագրական ֆիլմը, որի կադրերի գերակշիռ մասը նկարահանվել է պատերազմի ընթացքում՝ առաջնագծում։
Ֆիլմի ցուցադրությունից հետո նախարար Վահրամ Դումանյանն իր ելույթում խոնարհում է հայտնել առաջնագծում մարտնչած և իրենց կյանքը հայրենիքի համար զոհած զինվորների և սպայական կազմի հիշատակին։
«Այս սերունդն ապացուցեց, որ երկրի տերն ինքն է։ Ապրենք, աշխատենք, հզորանանք և պարտադրենք խաղաղություն։ Իսկ դրա միակ ճանապարհը կրթված հասարակությունն է։ Գիտելիքով պետք է հաղթենք»,- ասել է նախարարը և մաղթել, որ սա լինի այսօրինակ բովանդակությամբ վերջին ֆիլմը. հաջորդները լինեն հաղթանակների և նվաճումների մասին։
Ցուցադրության հեղինակը՝ Միքայել Նազարենկոն, շնորհակալություն է հայտնել ներկաներին և ասել. «Անմահացած ընկերներս կուզեին մեզ տեսնել ավելի հզոր ու ուժեղ։ Բոլորս էլ զինվոր ենք, ուղղակի՝ տարբեր բնագավառներում և մասնագիտությամբ։ Ամեն մեկս մեր տեղում անենք առավելագույնը. սա է հզորանալու ճանապարհը»։
Ցուցադրությունը կամփոփվի սեպտեմբերի 29-ին: Մուտքն ազատ է։