Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ բանաձևը ԵԽԽՎ-ն ընդունեց երկար քննարկումներից հետո, որին հայկական պատվիրակության ղեկավարի փոխանցմամբ՝ ադրբեջանցի և թուրք պատվիրակները դեմ են քվեարկել:
Ռուբեն Ռուբինյան, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար - Մեզ համար շատ կարևոր էր, որ երկար աշխատանքից հետո մեզ հաջողվեց բանաձևի վերնագրում ավելացնել Լեռնային Ղարաբաղ եզրույթը: Սա կարևոր է այն համատեքստում, որ Ադրբեջանը փորձում է միջազգային հարթակներում, ըստ էության, ջնջել Լեռնային Ղարաբաղ կամ Լեռնային Ղարաբաղի հակամարտություն բառերը: Բառացիորեն երեք-չորս օր առաջ Ադրբեջանի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից միջազգային կազմակերպություններին կոչ արեց չօգտագործել Լեռնային Ղարաբաղ բառը: Ի հեճուկս սրան՝ մեզ հաջողվեց այն մտցնել բանաձևի մեջ:
Ադրբեջանի նախագահը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանում ելույթի ժամանակ կազմակերպության անդամ երկրներին և քարտուղարությանը կոչ էր արել չօգտագործել Լեռնային Ղարաբաղ անվանումը: ԵԽԽՎ-ում ընդունված բանաձևի վերջնական տարբերակում, մինչդեռ, Լեռնային Ղարաբաղ եզրույթը կիրառվում է: Ռուբեն Ռուբինյանը կարևոր դրույթներից է համարում նաև այն, որ Վեհաժողովն Ադրբեջանին հստակ կոչ է անում վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին և պահվող այլ անձանց՝ անկախ հանգամանքից, թե Բաքուն ինչ կարգավիճակ է տալիս նրանց:
Ռուբեն Ռուբինյան - Եվ, իհարկե, հղում կա այն մտահոգություններին, որ ռազմագերիների հետ այնտեղ վատ են վարվում: Հղում կա նաև Ադրբեջանի տիրապետության տակ անցած հայկական պատմամշակութային կոթողներին, ֆիքսված է, որ մի շարք եկեղեցիներ, խաչքարեր վերացվել են նրանց կողմից:
Բանաձևում անդրադարձ կա նաև Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության ատելության խոսքին, հիշատակվում է նաև Բաքվում բացված, այսպես կոչված, «Ռազմավարի պուրակը», որն անհանգստություն է հարուցում, և Վեհաժողովը համարում է, որ ծաղրանկարված և կարծրատիպային մանեկենների օգտագործումը սաստկացնում է անհանդուրժողականության մակարդակը և պետք է տեղ չունենա հասարակությունում կամ թանգարանում:
Թեև ԵԽԽՎ բանաձևերն իրավական տեսանկյունից պարտադիր կատարման ուժ չունեն, բայց պատվիրակության ղեկավար Ռուբինյանի խոսքով՝ դրանք ունեն քաղաքական կարևոր նշանակություն՝ հատկապես արտաքին քաղաքականության մեջ, երբ անհրաժեշտ է լինում հիմնավորել պնդումներն ու դիրքորոշումները:
Ռուբեն Ռուբինյան - Այս առումով բոլոր այն կետերը, որոնք ես առանձնացրեցի, կարևոր են: Օրինակ՝ ռազմագերիներին շուտափույթ վերադարձնելու միակ ճանապարհը, կարծում եմ, միջազգային ճնշման ավելացնումն է, և մենք հենց դրանով ենք զբաղված, այս բանաձևն էլ այդ ճնշման մի կարևոր կոմպոնենտ է:
Թուրք և ադրբեջանցի պատվիրակները ջանքեր են գործադրել բանաձևից հանել նաև 44-օրյա պատերազմում սիրիացի վարձկանների օգտագործման փաստը, սակայն այստեղ ևս ձախողվել են:
Ռուբեն Ռուբինյան - Ե՛վ թուքերը, և՛ ադրբեջանցիները փորձում էին վարձկանների մասը հանել, հիմնականում այն կետերը, որոնք մեզ ձեռնտու էին, նրանք փորձում էին փոխել: Նույնը մենք էինք անում. մի մասը հաջողվեց, մի մասը՝ ոչ, բայց կարող ենք հստակ ասել, որ սա մեզ ձեռնտու բանաձև էր:
Յուրաքանչյուր գործիք, որի կիրառումը կարող է Ադրբեջանին բերել միջազգային իրավունքի դաշտ, կարևոր է, իսկ ԵԽԽՎ բանաձևերն ազդում են տվյալ երկրի վարկանիշի վրա՝ կարծում է Ստյոպա Սաֆարյանը: Բանաձևը, ըստ քաղաքագետի, կարող էր ավելի ուժեղ լինել, սակայն կողմերի ներկայացրած առաջարկներն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ անհավասար պայքար է ընթացել՝ հայկական պավիրակության ներկայացուցիչների դեմ գործել են թե՛ ադրբեջանցի, թե՛ թուրք պատվիրակներ:
Ստյոպա Սաֆարյան, ՄԱՀՀԻ ղեկավար - Ըստ էության, հայկական պատվիրակությունը մեծաթիվ առաջարկություններ էր ներկայացրել, որոնց մի մասն ընդունվել էր, մի մասը՝ ոչ, իսկ առավել մտահոգիչ է, երբ Հայաստանի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորները մատը մատին չեն տվել: Ավելին, հրաժարվել են գնալ և մասնակցել այդ գործընթացին՝ բաց թողնելով այդ բանաձևն ավելի ուժեղացնելու և ճնշումը մեծացնելու հնարավարությունը:
Ընդդիմությունից պատվիրակության կազմում ընդգրկված «Հայաստան» խմբակցությունից Արմեն Գևորգյանը Ստրասբուրգ չէր մեկնել, դատարանը նրան թույլ չէր տվել երկրից դուրս գալ, իսկ պատվիրակության կազմում ընդգրկված մյուս ընդդիմադիրներ Հայկ Մամիջանյանն ու Արմեն Ռուստամյանը հրաժարվել էին մեկնել Վեհաժողովի աշխատանքներին՝ իրենց աջակցությունը հայտնելով գործընկերոջը: