Պատվոգրերի ու նվերների հանձնման մտերմիկ արարողությամբ ավարտվեց Հյուսիսային Իրաքից՝ Էրբիլից ժամանած մասնագետների խմբի՝ Մատենադարանի վերականգնման բաժնում մեկշաբաթյա վերապատրաստման ծրագիրը, որը ֆինանսավորել է Հայաստանի կառավարությունը։ Իրաքցի մասնագետների խումբը Երևանում է՝ Քաղդեական եկեղեցու առաջնորդ, Արևելյան ձեռագրերի թվայնացման կենտրոնի տնօրեն, արքեպիսկոպոս Նաջիբ Միխայիլի գլխավորությամբ։
Նրա մասին խոսելիս Մատենադարանում նշում են՝ կենդանի լեգենդ է: Արքեպիսկոպոսն իր աշխատակիցների հետ մահվան վտանգի ներքո Մոսուլից հեռացրել և Իսլամական պետության ճիրաններից փրկել է 8 հազարից ավելի մատյաններ, այդ թվում՝ նաև հայերեն ձեռագրեր:
Նաջիբ արքեպիսկոպոս Միխայիլ (Քաղդեական եկեղեցու առաջնորդ, Արևելյան ձեռագրերի թվայնացման կենտրոնի տնօրեն) - Իրականում շատ մարդիկ, նաև ես, գլուխը կտրելու սպառնալիքի առջև մեր կյանքը վտանգեցինք, բայց Աստված փրկեց։ Յուրաքանչյուր հայր պետք է փրկի իր զավակներին։ Այս ժառանգությունը մեր զավակն է, մենք պարտավոր ենք այն փրկել: Ինձ համար մեծ պատիվ է լինել Քրիստոնեությունն առաջինն ընդունած երկրում և տեսնել, թե ինչպես եք սրբորեն պահում ձեր ժառանգությունը:
Փրկված հնագույն ձեռագրերը Իրաքի Էրբիլ քաղաք տեղափոխվել էին չափազանց վատ վիճակում և այժմ լուրջ մասնագիտական օգնության ու վերականգնման կարիք ունեն:
Մատենադարանի վերականգնման բաժնի վարիչ Գայանե Էլիազյանի գնահատմամբ՝ իրաքցի գործընկերների համար հատկապես արժեքավոր են մագաղաթյա ձեռագրերի վերականգնման, կազմերի նորոգման և կոնսերվացման առաջնահերթ հմտությունները. իրենք արել են առավելագույնը, որ օգնեն գործընկերներին:
Մատենադարանի տնօրենի կարծիքով՝ մեկշաբաթյա վերապատրաստման դասընթացն ընդամենը գործակցության առաջին քայլն է, 2-րդը կլինի պատասխան այցն Իրաք: Հայ մասնագետները կօգնեն, որ Արևելյան ձեռագրերի թվայնացման կենտրոնն ունենա իր վերականգնման բաժինը: