ԱՄՆ-Ը ՊԱՏՐԱՍՏ Է ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԵՏ
ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը հանդիպել և քննարկել են Ղարաբաղի հարցը Սպիտակ տան ու ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնյաների հետ:
ԱՄՆ պետքարտուղարության հաղորդագրության համաձայն՝ համանախագահները և Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի հարցերի ավագ տնօրեն Ամանդա Սլոութը, ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերի առաջին օգնականի տեղակալ Դերեք Հոգանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը:
Համանախագահները շեշտել են, որ միայն համապարփակ կարգավորումը, որը կընդգրկի բոլոր չլուծված խնդիրները, կարող է կարգավորել երկու երկրի հարաբերությունները և թույլ տալ տարածաշրջանի ժողովուրդներին խաղաղ ապրել միասին»:
Հոգանն ու Սլոութը ողջունել են համանախագահների ջանքերը և Հայաստանի ու Ադրբեջանի վճռականությունը՝ կրկին երկխոսության միջոցով ներգրավվել խաղաղ գործընթացում:
«Միացյալ Նահանգները խոստանում է շարունակել աշխատանքը՝ նպատակ ունենալով օգնել Ադրբեջանին և Հայաստանին՝ լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող կամ դրանից բխող բոլոր չլուծված խնդիրները՝ ներառյալ ձերբակալվածների, անհետ կորածների հարցերը և մարդասիրական ականազերծման ջանքերը»,- ասված հաղորդագրության մեջ:
ԵՄ-Ն ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ԿՈՂՔԻՆ Է՝ ՀԱՆՈՒՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ
«Այսօր մեր մտքերը նրանց հետ են, ովքեր 44-օրյա պատերազմում և 30-ամյա հակամարտության ընթացքում կորցրել են իրենց սիրելիներին:
Վերքերը դեռ չեն սպիացել, բայց հնարավորություն կա վերականգնել անվտանգ, բարգավաճ և խաղաղ Հարավային Կովկասը»,- «Թվիթեր»-ի էջում գրել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերի ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի տարելիցի առիթով:
Կլաարը շեշտել է, որ այդ նպատակին հասնելու համար ԵՄ-ն իր գործընկերների կողքին է:
ԳՈՒՏԵՐԵՇԸ ՈՂՋՈՒՆԵԼ Է ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՎԵՐՍԿՍՄԱՆ ՓԱՍՏԸ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հույս է հայտնել, որ Ադրբեջանը և Հայաստանը կշարունակեն երկխոսությունը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանի շրջանակում երկու երկրի արտգործնախարարների հանդիպումից հետո՝ ասված է Գլխավոր քարտուղարի գրասենյակի տարածած հայտարարությունում:
«Գլխավոր քարտուղարը ողջունում է նախարարների անմիջական երկխոսության վերականգնումը Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ հակամարտությունից մեկ տարի անց և հույս ունի, որ այդ ջանքերը կշարունակվեն ու կդառնան ավելի լայն երկխոսության մաս` լուծելու առկա խնդիրները և կայուն խաղաղ կարգավորման հասնելու համար»,- ասվում է հաղորդագրությունում:
ԱԼԻԵՎԸ ԴԺԳՈՀ Է ԻՐԱՆԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
«Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարևոր է համարել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերի մակարդակով եռակողմ խմբի աշխատանքը։
«Հաջորդ ամսին նրանք նորից կհանդիպեն։ Կարծում եմ, որ այդ խումբը կարևոր ձևաչափ է, չնայած արդյունքներ չկան, բայց շփում կա։ Տվյալ իրավիճակում շփումը անհրաժեշտ գործիք է, և շատ հարցեր կարող են լուծվել այդ շփումների միջոցով»,- ասել է Ալիևը։
Հարցազրույցում Ալիևը նաև իր վրդովմունքն է հայտնել Ադրբեջանի հետ սահմանին Իրանի կազմակերպած զորավարժության հետ կապված՝ այն որակելով «անսպասելի իրադարձություն»:
«Մեր անկախության 30 տարվա ընթացքում նման իրադարձություն տեղի չի ունեցել: Ճիշտ է, ցանկացած երկիր իրավունք ունի իր տարածքում վարժանքներ անցկացնել, սակայն այդ զորավարժությունը տեղի է ունենում որոշակի ժամանակ: Ինչո՞ւ հիմա, ինչո՞ւ այնտեղ: Նախկինում նման բան չի եղել»,- նշել է Ալիևը: