Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը և Շվեդիայի ազգային դատարանների վարչության միջազգային կապերի բաժնի ղեկավար, Ստոկհոլմի Վերաքննիչ դատարանի դատավոր Յոնաս Հոգստրոմը հանդիսավոր պայմաններում համագործակցության հուշագիր են ստորագրել:
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել՝ Հայաստանի Հանրապետության և Շվեդիայի օրենսդրության շրջանակներում փոխշահավետ համագործակցություն իրականացնել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում՝ իրենց հաստատությունների կատարելագործման և զարգացման նպատակով։
Հուշագրի ստորագրման կարևոր նպատակն է բարձրացնել դատական իշխանության նկատմամբ հանրային վստահությունը, նպաստել արդարադատության մատչելիության և արդյունավետության ամրապնդմանը:
Հուշագրի շրջանակներում նախատեսվում է համատեղ ծրագրի մշակում, որը կնպաստի Հայաստանում դատավորների և դատավորների թեկնածուների կարողությունների զարգացմանը, ինչպես նաև դատական վարչարարության, դատավորների և լրատվամիջոցների միջև հաղորդակցության բարելավմանը: