2021 թվականի օգոստոսին նախորդ տարվա համեմատ Տնտեսական ակտիվության ցուցանիշն ավելացել է 2,3 տոկոսով: Վիճակագրական կոմիտեի տվյալով՝ օգոստոսին շինարարությունն աճել է 2,3 տոկոսով, առևտրի շրջանառությունը՝ 5, իսկ ծառայությունների ծավալը՝ 10,8 տոկոսով: Ընդհանուր աճի վրա բացասական են ազդել արդյունաբերության և էլեկտրաէներգիայի ոլորտները, որոնք նախորդ ամիս նվազել են 5,2 և 12,2 տոկոսով, համապատասխանաբար:
Օգոստոսին գրեթե չի փոխվել արտաքին առևտրաշրջանառության ծավալը (-0,1): Փոխարենը շարունակվել են դրական փոփոխությունները ներմուծում-արտահանում հարաբերակցությունում: Օգոստոսին Հայաստանից 13,9 տոկոս ավելի է արտահանվել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: Ներմուծումը նվազել է 7,3 տոկոսով:
Վիճակագրական կոմիտեն ներկայացրել է նաև 8 ամսվա տնտեսական ցուցանիշները: Կառույցի տվյալով՝ հունվարից-օգոստոսին ՏԱՑ-ն աճել է 4,9 տոկոսով: Արդյունաբերության ծավալը 8 ամսվա կտրվածքով աճել է 1 տոկոսով, շինարարությանը՝ 7,3, առևտրինը՝ 7,1, իսկ ծառայություններինը՝ 5,3 տոկոսով:
Նույն ժամանակահատվածում արտաքին առևտրաշրջանառության ծավալն ընթացիկ գներով ավելացել է 12,7 տոկոսով: Հատկանշական է, որ արտահանման աճը կազմել է 21,8 տոկոս: Այսպիսով՝ արտահանման և ներմուծման ծավալների տարբերությունը փոխվել է և հասել մոտ 62 տոկոսի:
2021 թվականին Հայաստանի տնտեսական աճի վերաբերյալ կանխատեսումները վերանայել են միջազգային ֆինանսական կառույցները: Ասիական զարգացման բանկը, մասնավորապես, նախկին 1,8 տոկոսի փոխարեն կանխատեսել է 5,2 տոկոս աճ: Զեկույցում, մասնավերապես, նշվում է.
Ասիական զարգացման բանկ . «Հայաստանի տնտեսությունը 2021 թ. առաջին կիսամյակում աճել է 4.9%-ով, ընդ որում՝ աճ գրանցվել է ինչպես բոլոր ոլորտներում, այնպես էլ ներդրումներում։ Այսպիսով՝ 2020 թ. տնտեսական ցնցումներից հետո աճի կանխատեսումները վերանայվում են՝ 1.8%-5.2% 2021 թ․ համար, 3%-3.5% 2022 թ․ համար»:
Ասիական զարգացման բանկում նաև արձանագրել են, որ ներդրումներն աճել են 9,5%-ով՝ պետական և մասնավոր կապիտալ ծախսերի հաշվին։ Ուստի տնտեսությունը վերականգնվում է ավելի արագ, քան սպասվում էր, ինչով և պայմանավորված է կանխատեսումների վերանայումը 2021 և 2022 թվականների համար։
Ավելի վաղ տնտեսական աճի կանխատեսումը վերանայել էր նաև Հայաստանի կենտրոնական բանկը՝ 4,6 տոկոսի փոխարեն սահմանելով 5,4 տոկոս ցուցանիշը: