Լոռու մարզի առողջապահական հիմնարկների տնօրենների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն են անցկացրել Լոռու փոխմարզպետ Գոռ Ասրյանը և Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը:
Քննարկման հրատապ թեման բուժհաստատություններում կորոնավիրուսային հիվանդության դեմ իրականացվող պատվաստումների ընթացքին վերաբերող հարցերն էին:
«Կորոնավիրուսի բռնկման հերթական ալիքը կանխելու համար անհրաժեշտ է արագ տեմպերով իրականացնել ոչ միայն բնակչության, այլև բուժանձնակազմերի պատվաստման գործընթացը»,- իր խոսքում ընդգծել է փոխմարզպետը:
Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը նշել է, որ 2021 թ. սեպտեմբերի 27-ի դրությամբ մարզում պատվաստվել է 27.436 մարդ կամ բնակչության 11 %-ը, որից առաջին դեղաչափ են ստացել 19.677, երկրորդ դեղաչափ՝ 8759 մարդ: COVID-19-ի դեմ մարզում այժմ հասանելի են «Աստրազենեկա», «Սպուտնիկ V» և «Սինոֆարմ» պատվաստանյութերը:
Առողջապահության ոլորտի մարզային պատասխանատուն ընդգծել է, որ նշված պատվաստանյութերն անվտանգ են, արդյունավետ և կոչ է արել պատվաստվել, եթե չկան հակացուցումներ:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև զորակոչիկների առողջական վիճակը գնահատելու վերաբերյալ աշխատանքների պատշաճ կատարման հետ կապված հարցեր: Ընդգծվել է, որ զորակոչային տարիքի անձանց պատվաստումները պետք է կատարել ժամանակին, առողջության անձնագրերը լրացնել ճշգրիտ, զորակոչիկների ուղեգրումները ձևակերպել հիմնավորումներով՝ ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի թիվ 405-Ն որոշմամբ հաստատված դրույթներին համապատասխան: