«Երևանի ոսկերչական գործարան» բաց բաժնետիրական ընկերությունը, որի բաժնետոմսերի 80 տոկոսը պետական է, շարունակում է վնասներ կրել, և վերջին տարիներին Գլխավոր դատախազությունն առիթ ունեցել է անդրադառնալու պետական մասնակցությամբ այս ընկերության հետ կապված մի շարք գործընթացների։
Սեպտեմբերի 25-ին Գլխավոր դատախազությունը հաղորդեց, որ քաղաքացիական մի դատավարության ընթացքում Երևանի ոսկերչական գործարան ԲԲԸ-ից հօգուտ պետբյուջեի բռնագանձել է 56 միլիոն դրամ պետական տուրքի գումար։ 2019-ին Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից կազմվել է կատարողական վարույթ, ապա գնահատող մի ընկերության հանձնարարվել է ոսկյա ու ադամանդե մի շարք թանկարժեք իրերի արժեք գնահատել։ 83.5 միլիոն դրամ հաշվեկշռային արժեքով թանկարժեք իրերը ոսկերիչի կողմից գնահատվել են 2.5 անգամ ցածր գնով՝ 38.3 միլիոն դրամով, իսկ հետագայում դրվել էլեկտրոնային աճուրդի, ու մի քաղաքացի այն գնել է ընդամենը 21.5 միլիոն դրամով։ Ըստ դատախազության՝ Երևանի ոսկերչական գործարանին պատճառվել է մոտ 50 միլիոն դրամի վնաս ու Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ։
Երևանի ոսկերչական գործարանն իր գործունեությունը սկսել է 1950 թվականից, այն թանկարժեք զարդերի արտադրությամբ զբաղվող խոշոր ընկերություն է։ Խորհրդային տարիներին իր արտադրանքի ծավալով այն եղել է երրորդը։ 2000 թվականին գործարանից առանձնացվեց մի մասը, ստեղծվեց «Երևանի ոսկերչական գործարան 1» ԲԲԸ-ն, ու այս ընկերության բաժնետոմսերն օտարվեցին Ռուսաստանում գրանցված «Գնոմոն» ընկերության ու Գերմանիայում գրանցված «Ջանի-Լազարո» ընկերությունների միջև։ 2015-ին «Հետքը» գրել էր, որ Ռուսաստանում գրանցված «Գնոմոնի» բաժնետոմսերի 50 տոկոսը պատկանում է Հայաստանի ոսկերիչների միության նախագահ Էմիլ Գրիգորյանին, իսկ մնացած բաժնեմասերը բաշխված են նրա դուստրերի միջև։ «Երևանի ոսկերչական գործարան 1» ԲԲԸ-ի կանոնադրական կապիտալը 1 միլիարդ դրամից ավել է, ընկերությունը ներկայանում է «Գնոմոն» ապրանքանիշով ու Երևանում գործող մի քանի վաճառասրահներով։
Առանձնացումից հետո ոսկերչական գործարանի մնացած հատվածի ճակատագիրը խիստ մշուշոտ է։ Ըստ իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի տվյալների՝ ոսկերչական գործարանի բաժնետոմսերի 80 տոկոսը պետական սեփականություն են ու տնօրինվում են Պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից։ Մինչ այդ բաժնետոմսերը տնօրինողը էկոնոմիկայի նախարարությունն էր։ Մնացյալ 20 տոկոս բաժնետոմսերը տեղաբաշխված են մասնավոր անձանց միջև։ 2017-ին գործարանի տնօրեն Գագիկ Կաֆյանը աշխատանքից ազատվելու դիմում ներկայացրեց, նրան փոխարինեց Անդրանիկ Ադամյանը։ Կառավարությունը տարիներ շարունակ դժգոհում էր ոսկերչական գործարանի ոչ արդյունավետ աշխատանքից։ 2013-ին կառավարությունը որոշեց մասնավորեցնել գործարանը, այն ներառվեց մասնավորեցման ենթակա պետական ձեռնարկությունների ցանկում, սակայն մինչ այս պահը գնորդ չի հայտնվել։ Այս տարվա սկզբին Դատախազությունը մեկ այլ հաղորդագրություն տարածեց, որից պարզ էր դառնում՝ պետական մասնաբաժնով ընկերությունը փորձել է դատական կարգով մեկ այլ ընկերությունից ունեցած դեբիտորական պարտքը բռնագանձել, սակայն պաշտոնեական անփութության պատճառով հայցը հաջողություն չի ունեցել։ Բանն այն է, որ հայցվորը՝ Երևանի ոսկերչական գործարան ԲԲԸ-ն, որ պիտի դատարան ներկայացներ փոխադարձ հաշվարկների ստուգման ակտերի պայմանագրերը, պարտքը հաստատող այլ փաստաթղթեր ևս, չի իրականացրել այդ գործողությունը, թեև համապատասխան փաստաթղթերը եղել են ընկերությունում. «Դրա հետևանքով պետական բաժնեմասով ընկերությունը ոչ միայն զրկվել է 1.092.593.543 ՀՀ դրամ դեբիտորական պարտքը ստանալու հնարավորությունից, այլև ծանրաբեռնվել է նաև շուրջ 56.000.000 ՀՀ դրամ պետական տուրք վճարելու պարտավորությամբ»,- հայտնել էին Դատախազությունից։ Պայմանագրերը կնքվել էին նախկինում ոսկերչական գործարանից առանձնացված «Երևանի ոսկերչական գործարան 1» Գնոմոն ԲԲԸ-ի հետ։ Այս գործի հետ կապված մանրամասներ կան «Դատալեքս» տեղեկատվական հարթակում։
Շուրջ 56 միլիոն դրամը հենց այն գումարն է, որը վճարելու համար էլ գործարանը որոշել է վաճառել մի շարք թանկարժեք զարդեր, ու որոնք գնահատվել են չափազանց ցածր, և հարուցվել է քրեական գործ։ Քրեական գործերին զուգահեռ՝ այս տարվա մարտին Պետեկամուտների կոմիտեն դիմել է սնանկության դատարան՝ Երևանի ոսկերչական գործարանը սնանկ ճանաչելու պահանջով։ Դատարանն արձանագրել է, որ ընկերության ակտիվների արժեքը բավարար է պարտատերերի պահանջները բավարարելու համար, սակայն ՊԵԿ-ը հետագայում սնանկության դիմումը հետ է վերցրել։
Մինչև 2018-ը Երևանի ոսկերչական գործարանին էր պատկանում Երևանի Բագրևանդ 74 հասցեի 3 հեկտար տարածքով հողամասը։ Երևանի քաղաքապետարանը դատական կարգով հասել է այդ հողամասի նկատմամբ գործարանի սեփականության իրավունքի դադարեցմանը։ Ըստ քաղաքապետարանի՝ այդ հողամասը հանձնվել էր Երևանի ոսկերչական գործարանին ոսկերչության արդյունաբերական մասնագետների պատրաստման միջազգային ուսումնական կենտրոնի կառուցման համար, սակայն հողամասը նպատակային նշանակությամբ չի իրացվել, գործարանի տնօրինոթյունն, իր հերթին, դեմ հանդես չի եկել քաղաքապետարանի հայցադիմումին։ Այդ հասցեում նախատեսվում է կառուցել «Ինժեներական քաղաք», հողամասն ամրացվել է տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությանը։