Կամերային երաժշտության ազգային կենտրոնը երկու մասշտաբային դասական համերգ է իրականացրել Երերույքում և Արուճում։
Կազմավորման 10-ամյակի առթիվ Կամերային երաժշտության ազգային կենտրոնն իր առաջ նպատակ է դրել 10 բացօթյա համերգներ իրականացնել առավել քիչ ուշադրության արժանացած կոթողների տարածքում՝ ևս մեկ անգամ հանրության ուշադրությունը գրավելու դեպի մեր երկրի գանձերը։
Երերույքի եզակի տաճարում Եվրոպական մշակութային ժառանգության օրերի շրջանակում անցկացվեց «Համընդգրկուն ժառանգություն» խորագրով դասական համերգ։ Այն իրականացվեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Համերգի մեկնարկին ելույթ ունեցավ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, ով ներկաներին է փոխանցել նաև ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի ողջույնի խոսքը:
Եզակի այս կառույցում կայանալիք միջոցառմանը հանդես եկան «Հովեր» պետական կամերային երգչախումբը (խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան) և դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանը։
Համերգային ծրագրում Բեթհովենի, Պենդերեցկու, Կոմիտասի, Չթչյանի, Միրզոյանի, Հովհաննիսյանի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններն են։ Նման մասշտաբի համերգ Երերույքում կայանում էր առաջին անգամ։
Հաջորդ համերգը նվիրված էր Կոմիտաս Վարդապետի ծննդյան 152-ամյակին․ այն յուրատեսակ հարգանքի տուրք էր հայ երաժշտության ականավոր ներկայացուցչին: Արուճ գյուղի Սուրբ Գրիգոր եկեղեցում անցկացվեց համերգ, որին հանդես եկավ Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Ռոբերտ Մլքեյան): Ծրագրում կոմիտասյան ստեղծագործություններն էին։
Երկու համերգներն էլ հանդիսատեսի ջերմ ընդունելությանն արժանացան։