Ստրասբուրգում ընդունվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ ԵԽԽՎ բանաձևը։ Ադրբեջանի և Թուրքիայի պատվիրակությունները դեմ են քվեարկել բանաձևին։ Մի քանի ուղղումներից հետո, հայկական պատվիրակության նախաձեռնությամբ, վերջնական տարբերակի վերնագրում ավելացել է «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» տերմինը, որն Ադրբեջանի նախագահն ամեն կերպ փորձում է դուրս մղել շրջանառությունից:
«Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանը 2001 թվականի հունվարին Եվրոպայի խորհրդին անդամակցելով՝ պարտավորվել են հակամարտությունը կարգավորել բացառապես խաղաղ միջոցներով: Հետևաբար 2020 թվականի վեցշաբաթյա պատերազմը այդ պարտավորությունների խախտում է, և պետք է պատշաճ արձագանք ստանա Եվրոպայի խորհրդի կողմից»:
Վեհաժողովն առանձնացրել է Նախարարների կոմիտեին 2021 թվականի մարտի 16-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի փոխանցած մտահոգությունները` կապված Ադրբեջանի կողմից գերեվարված 188 հայի հետ, որոնցից մի քանիսը վերադարձվել են Հայաստան: Զեկույցում հղում է արվում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը:
«Եռակողմ հայտարարության 8-րդ հոդվածի հստակ նպատակը բոլոր կալանավորված անձանց փոխանակումն է՝ անկախ կողմերից մեկի կամ մյուսի կողմից վերագրվող կարգավիճակի տարբերությունից»:
Վեհաժողովը խորապես մտահոգված է մոտ 30 հայի ճակատագրով, որոնց ենթադրաբար տեսել, նկարահանել կամ լուսանկարել են գերության մեջ և նրանց գտնվելու վայրի մասին որևէ տեղեկության բացակայությամբ: Վեհաժողովն անհանգստացած է այն պնդումներից, որ այս անձինք ենթարկվել են հարկադիր անհետացման և, հնարավոր է, սպանվել: Ըստ այդմ՝ Եվրոպան կոչ է անում Ադրբեջանի իշխանությանը՝ արագացնել հետաքննությունն այս հարցի շուրջ և համապատասխան տեղեկություն տրամադրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանին և Հայաստանին:
«Վեհաժողովը շարունակում է մտահոգվել Եռակողմ հայտարարությունից հետո գերեվարված շուրջ 45 հայի կալանավորման պայմանների կապակցությամբ, որոնք դեռ գերության մեջ են, որոնցից շատերը ենթարկվել կամ ենթարկվում են արագացված քրեական դատավարությունների, ինչը վեր է հանում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի արդար դատավարության անհրաժեշտության խնդիրները: ԵԽԽՎ-ն կոչ է անում Ադրբեջանի իշխանությանը՝ ազատ արձակել մնացած բոլոր գերիներին և առանց հետաձգման վերադարձնել նրանց Հայաստան»:
ԵԽԽՎ-ն խրախուսում է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեին՝ կատարել արտահերթ այց՝ չնայած այն բանին, որ ԿԽՄԿ-ն ունի կանոնավոր մուտքի իրավունք: Զեկույցի ուշադրությունից դուրս չի մնացել նաև պատերազմի ընթացքում Ադրբեջանի և Թուրքիայի կողմից վարձկան ահաբեկիչների օգտագործման փաստը: Զեկույցում մանրամասն նշված է նաև, որ Եվրոպայի խորհրդի անդամ պետություններն իրավական պարտավորություններ ունեն՝ լիարժեք և բարեխղճորեն գործակցել մարդու իրավունքների մոնիտորինգի միջազգային մեխանիզմների հետ՝ ներառյալ Եվրոպայի խորհրդի և ՄԱԿ-ի մեխանիզմները, և այցելել հակամարտությունների գորշ գոտիներ:
ԵԽԽՎ-ն հիշեցնում է, որ Եվրոպայի խորհրդի տարածքում գտնվող բոլոր անձինք, այդ թվում՝ հակամարտությունների գոտիներում բնակվող, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ունեն լիարժեք պաշտպանության հավասար իրավունք, այդ թվում՝ մոնիտորինգի համապատասխան մեխանիզմների միջոցով:
ԵԽԽՎ ուղերձի հիմնական առանցքը մարդու իրավունքների պաշտպանությունն է, մարդասիրական հարցերի վրա ուշադրությունը: Այդ ամենն ապահովելու համար վեհաժողովը կոչ է անում ներգրավված բոլոր պետություններին՝ ապահովել միջազգային անկախ մարդասիրական կազմակերպությունների և զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների անարգել մուտքը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան:
5 էջից բաղկացած զեկույցում տեղ են գտել նաև մշակութային ժառանգության ոչնչացման հետ կապված խնդիրները: Այն դատապարտում է վերջին 30 տարիների ընթացքում Ադրբեջանում, մասնավորապես՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը, ինչպես նաև Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ մշակութային ժառանգությանը միտումնավոր հասցված վնասը, Սուրբ Փրկիչ եկեղեցու, Շուշիում Ղազանչեցոց եկեղեցու կանխամտածված հրթիռակոծումը, նաև հակամարտության ընթացքում և դրանից հետո այլ եկեղեցիների ու գերեզմանների ավերումը կամ վնասումը: Զեկույցում առանձին անդրադարձ կա նաև Ադրբեջանում զարգացող «կովկասյան-ալբանական» ժառանգությունը քարոզող հորինվածքին, որն ուղղված է խեղաթյուրելու պատմությունը և վիճարկելու հայկական մշակութային ժառանգության պատկանելությունը: