Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը այցելել է Եղվարդ խոշորացված համայնքի Բուժական, Արագյուղ, Զորավան և Եղվարդ:
Այցը մեկնարկել է Բուժականից, որտեղ համայնքի ղեկավար Նորայր Սարգսյանի և Բուժականի վարչական ղեկավարի ուղեկցությամբ մարզպետը շրջել է կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում կապիտալ ասֆալտապատված ճանապարհահատվածում:
Համայնքի ղեկավարը ներկայացրել է, որ ծրագրի շրջանակում՝ պետության և համայնքի համատեղ ֆինանսավորմամբ, Բուժականում ասֆալատապատվել է ներհամայնքային 1,5 կմ երկարությամբ գլխավոր ճանապարհահատվածը, որի հիմնանորոգմանը շուրջ 330 տնտեսություն ունեցող գյուղի բնակիչները երկար են սպասել:
Կատարվել են նաև այդ ճանապարհահատվածի ջրահեռացման համակարգի արդիականացման աշխատանքներ, կառուցվել են մայթեզրերը:
Որոշ թերությունների վերաբերյալ մարզպետը դիտարկումներ է արել, որոնք կշտկվեն շինարարների կողմից: Բուժականում Ահարոն Սահակյանը զրուցել է նաև բնակիչների հետ, լսել նրանց խնդիրները:
Հատկանշական է, որ համայնքի բոլոր բնակավայրերում ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ բազմաթիվ ծրագրեր ու աշխատաանքներ են իրականացվել, որոնք մեծ թափով կյանքի են կոչվել հենց Եղվարդի խոշորացման արդյունքում:
Համայնքի ղեկավարի պնդմամբ, վերջին չորս տարիներին միայն Բուժականում համայնքային միջոցներից ներդրվել է շուրջ 400 մլն դրամ, որն ուղղվել է մի շարք ենթակառուցվածքների զարգացմանը՝ ասֆալտապատում, կոյուղագծերի կառուցում, հակակարկտային կայանի տեղադրում և այլն:
Համայնքի միջոցներով Բուժականում կառուցվել է նաև բոլոր պատերազմներում զոհված բուժականցիներին նվիրված հուշակոթող: