Օլիվիե Պեպինին Հայաստան և Արցախ առաջին անգամ այցելել է անցյալ տարի հոկտեմբերին՝ պատերազմի ամենաթեժ օրերին։ Առիթը տխուր էր, բայց արցախցիների հետ այնքան ամուր է կապվել, որ որոշել է վերադառնալ նոր ծրագրերով՝ միջազգային անտարբերությունը կոտրելու։ Չի հաշտվում մտքի հետ, որ արցախցուն կարող են անարդարաբար զրկել իր հող ու ջրից, որտեղ դարեր շարունակ ապրել ու արարել է։
Օլիվիե Պեպինի, ֆոտոլրագրող - Անդադար ռմբակոծությունների պատճառով հաճախ ստիպված էինք ապաստարաններում մնալ և հենց այդտեղ էլ բացահայտեցի մի ժողովրդի, որը համախմբված, ուժեղ և իր արժեքներին ամուր կառչած է։ Շատ զարմացած էի տեսնելով, թե ինչպես են մարդիկ նույնիսկ ապաստարաններում, նկուղներում տալիս, հյուրասիրում այն ամենաքիչը, որ իրենց մնացել է։ Դա ինձ համար մարդկության մեծագույն դաս էր։
Բելգիայի հայ համայնքն Արցախյան երկրորդ պատերազմի զոհերի հիշատակը հարգեց Բրյուսելի ամենաբանուկ հրապարակներից մեկում՝ Սանտ Քրուայում, որտեղ Իքսելի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մինչև նոյեմբերի 10-ը տեղադրված են լինելու Արցախում բելգիացի և իտալացի հայտնի ֆոտոլրագրողներ Օլիվիե Պեպինիի և Ռեբորտո Տրավանի արած լուսանկարները։ Դրանք լուռ խոսում են անցորդների հետ, ոմանց համար էլ հրամայական են վերադառնալ Հայաստան ու Արցախ, լինել հայի կողքին։
Միսիոներ Անդրե Մալեզին նույնպես առաջին անգամ Հայաստան է տարել Արցախյան պատերազմը։ Ասում է՝ եթե Հայաստանով նախապես հետաքրքված չլիներ, չէր էլ իմանալու այս պատերազմի մասին և հենց այդ անտարբերությունն ու միջազգային հանրության արհամարհանքն էլ տարան Հայաստան։
Անդրե Մալեզ, S.O.S Արևելքի քրիստոնյաներ» կազմակերպության միսիոներ - Այցիս ընթացքում ամենատպավորիչը հասարակության համախմբվածությունն էր, բաց ու ազնիվ լինելը։ Անգամ պատերազմի օրերին, անարդարության զոհ մարդկանց աչքերում չարության ոչ մի դրսևորում չնկատեցի։ Մարդկանց բարոյապես աջակցելու համար հոկտեմբերին նորից վերադառնալու եմ Հայաստան:
2020 թ. սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի ծանրությունն ընթեռնելի էր անգամ ութամյա Լեայի աչքերում, որը ծնողների հետ մասնակցում էր հիշատակի երեկոյին: Լուրջ ու անաղմուկ, նախ նայեց բոլոր նկարները, ապա իր բաժին մոմով հարգեց զոհերի հիշատակը:
Լեա, Բելգիայի բնակիչ - Եկել ենք, որ հիշենք այն զինվորներին, որ ուզեցին հայրենիքը փրկել և զոհվել են։ Նրանց հիշատակի համար ենք այստեղ։
Արմինե Հարեյան, Բելգիայի Հայ Կոմիտեի մամուլի պատասխանատու - Սա հոգու հանգստության միջոցառում է: Մարդիկ ուզում են անպայման հարգել զոհվածների հիշատակը։ Այս օրը, կարծում եմ, բոլորիս մտքերում կդաջվի՝ որպես մեր տխուր օրերից մեկը։
Ցուցահանդեսի պաշտոնական բացումը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին Բելգիայի բարձրաստիճան այրերի, մեր երկրի դիվանագիտական ներկայացուցչության և հայ համայնքի մասնակցությամբ։ Իսկ ցուցահանդեսի խորհրդանշական փակումը տեղի կունենա նոյեմբերի 10-ին: