ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստի օրակարգում ևս ներառված էր հանձնաժողովի տեղակալի ընտրության հարցը:
Ընդդիմության ներկայացուցիչները հրաժարվեցին ներկայացնել իրենց թեկնածուին՝ Արթուր Ղազինյանին, ու լքեցին նիստերի դահլիճը:
«Ամեն անգամ նույն աշխատելաձևով՝ ներկայացնել, քննարկել, հարց տալ, չքվեարկել կամ դեմ քվեարկել, այս անիմաստ քննարկմանը մենք չենք կարող մասնակցել: Մեր գործընկերները հանձնաժողովի նիստից կհեռանան»,- ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը:
«Ձեր թեկնածուն լքեց խրամատը: Հիմա մենք կանգնած ենք այս դիրքում, ո՞րն է լուծումը: Ընդդիմությունը պետք է երկխոսություն սկսի իշխանության հետ, որովհետև Դոնթի բանաձևը շանտաժի բանաձև չէ»,- ասաց Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Քոչարյանը խնդրեց «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանին չլքել նիստերի դահլիճը, քանի որ, նրա խոսքով, նիստի ավարտին գուցե առաջարկով հանդես գա:
«Գեղամ Մանուկյանը չցանկացավ ներկայացնել կենսագրությունը, որովհետև այդ կենսագրությունը 5 անգամ փոխվել է, 5 անգամ չի ընտրվել: Էդպես կարող է հավերժ գնա, ինչպես ասում էր պարոն Ղազինյանը, ևս 34 անգամ: Ես ուզում եմ այս խնդիրը լուծենք Դոնթի բանաձևով, բայց փոխըմբռնման մթնոլորտում»,- ասաց Քոչարյանը:
Այսպիսով՝ 1 կողմ, 7 դեմ ձայներով Արթուր Ղազինյանն արդեն 5-րդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ:
«Եթե առաջիկա մեկ ամսվա ընթացքում հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում կրկին առաջադրվի նույն թեկնածուն և չընտրվի, ապա հարկադրված կլինենք առաջարկել մեր խմբակցությանը հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ և հարցը կարգավորել հետևյալ սկզբունքներին համապատասխան. եթե նույն անձը 2 անգամ հանձնաժողովի նախագահի տեղակալ չի ընտրվում, ապա իրավասու խմբակցությունն առաջադրում է նոր թեկնածու, ինչպես, օրինակ՝ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության դեպքում է, այն տարբերությամբ, որ նախագահների ընտրության դեպքում նույն անձը չի կարող 2-րդ անգամ առաջադրվել»,- ասաց Քոչարյանը: