Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը France24-ին տված հարցազրույցում նշել է, որ եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները հանդիպում կազմակերպեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ապա ինքը չի առարկի: Նա ասել է նաև, որ Նյու Յորքում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը լավ ցուցիչ էր, որ երկխոսությունը հնարավոր է վերսկսել և խաղաղ լուծում գտնել: Ալիևը հերթական անգամ կրկնել է այն միտքը, թե հակամարտությունն արդեն լուծված է, և նախկին իրադրությանը վերադարձ չի լինելու:
*****
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների հետ Նյու Յորքում կայացած բանակցությունների ընթացքում կոնկրետ արդյունքներ են ձեռք բերվել. նրանք համաձայնեցրել են վերսկսել աշխատանքայիին այցերը Լեռնային Ղարաբաղ: Ռուսաստանի արտգործնախարարը նաև նշել է, որ 2020 թվականի նոյեմբերին ձեռք բերված պայմանավորվածությունների գլխավոր արդյունքը տարածաշրջանում կայունության հաստատումն է։ Հարավային Կովկասում իրադրությունը սեպտեմբերի 29-ին Սոչիում կքննարկեն նաև Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները՝ հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
*****
ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը հանդիպել և քննարկել են Ղարաբաղի հարցը Սպիտակ տան ու ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնյաների հետ: Պետքարտուղարության հաղորդագրության համաձայն՝ համանախագահները Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի հարցերի ավագ տնօրեն Ամանդա Սլոութի և ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերի առաջին օգնականի տեղակալ Դերեք Հոգանի հետ հանդիպմանը շեշտել են, որ միայն համապարփակ կարգավորումը, որը կընդգրկի բոլոր չլուծված խնդիրները, կարող է նորմալացնել երկու երկրի հարաբերությունները և թույլ տալ տարածաշրջանի ժողովուրդներին խաղաղ ապրել միասին: Հոգանն ու Սլոութը ողջունել են համանախագահների ջանքերը և Հայաստանի ու Ադրբեջանի վճռականությունը՝ կրկին երկխոսության միջոցով ներգրավվել խաղաղ գործընթացում: Միացյալ Նահանգները խոստանում է շարունակել աշխատանքը՝ նպատակ ունենալով օգնել Ադրբեջանին և Հայաստանին լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող կամ դրանից բխող բոլոր չլուծված հարցերը:
*****
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հույս է հայտնել, որ Ադրբեջանը և Հայաստանը կշարունակեն երկխոսությունը՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակում երկու երկրի արտգործնախարարների հանդիպումից հետո՝ ասված է Գլխավոր քարտուղարի գրասենյակի տարածած հայտարարությունում: «Գլխավոր քարտուղարը ողջունում է նախարարների անմիջական երկխոսության վերականգնումը Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ հակամարտությունից մեկ տարի անց և հույս ունի, որ այդ ջանքերը կշարունակվեն ու կդառնան ավելի լայն երկխոսության մաս` լուծելու առկա խնդիրները և կայուն խաղաղ կարգավորման հասնելու համար»,- ասվում է հաղորդագրությունում:
*****
Իլհամ Ալիևն «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում իր վրդովմունքն է հայտնել Ադրբեջանի հետ սահմանին Իրանի կազմակերպած զորավարժության հետ կապված՝ այն որակելով «անսպասելի իրադարձություն»: «Մեր անկախության 30 տարվա ընթացքում նման իրադարձություն տեղի չի ունեցել: Ճիշտ է, ցանկացած երկիր իրավունք ունի իր տարածքում վարժանքներ անցկացնել, սակայն այդ զորավարժությունը տեղի է ունենում որոշակի ժամանակ: Ինչո՞ւ հիմա, ինչո՞ւ այնտեղ: Նախկինում նման բան չի եղել»,- նշել է Ալիևը: Իրանի արտգորնախարարւթյունն արձագանքել է Ալիևին ու նշել, որ չի հանդուրժի սիոնիստական վարչակարգի այդպիսի ցուցադրական ներկայություն իր սահմանների մոտ: «Իրանը միշտ հանդես է եկել ցանկացած օկուպացիայի դեմ: Միաժամանակ՝ բարիդրացիության սկզբունքներին հետևելը կարևորագույն հարցերից է, և մենք ակնկալում ենք, որ մեր հարևաններն ուշադրություն կդարձնեն դրան»,- նշված է հաղորդագրությունում:
*****
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը քննադատել է Ռուսաստանի իշխանությանը՝ Իդլիբում վերջին շրջանում իրականացված օդային հարվածների համար։ Թուրքական ռազմական գերատեսչության ղեկավարը հայտարարել է, որ Իդլիբում իրականացվող օդային հարվածների թիվը զգալիորեն աճել է, ինչը չի համապատասխանում երկկողմ հուշագրի դրույթներին։ Այս խնդրի շուրջ բանակցություններն այժմ էլ շարունակվում են՝ ասել է Աքարը։
*****
Միջազգային հանրության լռությունն արժանացել է ամերիկյան հեղինակավոր The National Interest ամսագրի ուշադրությանը: Ամսագիրը ծավալուն հոդված է հրապարակել 44-օրյա պատերազմի, Արցախի նկատմամբ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայի, վայրագությունների, պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտության, բոլոր հայ ռազմագերիներին վերադարձնելու հրատապության և միջազգային հանրության լռության մասին: «Ժամանակն է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ, քանի դեռ չի վերադարձրել վերջին հայ գերուն»,- նշում է հոդվածագիրը: Ամերիկյան Ձեռնարկությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Մայքլ Ռուբինի հոդվածն սկսում է հետևյալ տողերով. «Ադրբեջանը և Թուրքիան սկսեցին հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա՝ ավելի քան մեկ դար առաջվա Օսմանյան կայսրության նախագիծը շարունակելու համար: Լռությունը խրախուսում է նրանց և մյուսներին»: Հոդվածագիրը հիշեցրել է. «Մեկ տարի առաջ՝ սեպտեմբերի 27-ին, ադրբեջանական բանակը, թուրք հատուկ ջոկատայինների և սիրիացի ջիհադիստների աջակցությամբ, որոնք հանդես էին գալիս որպես թուրքական վարձկաններ, անակնկալ հարձակում սկսեցին Լեռնային Ղարաբաղի վրա»: