Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակից այցելել են Ադրբեջանում պահվող ռազմագերիներին և քաղաքացիական անձանց: Հերթական տեսակցությունը տեղի է ունեցել սահմանված ընթացակարգերով՝ պահման պայմանների վերահսկողություն, տեսաուղերձների հեռախոսազանգերի և նամակների միջոցով ընտանիքների հետ կապի հնարավորություն:
Զառա Ամատունի, Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար - Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հնարավորություն ստացավ իր այցերի շրջանակում ստուգել անձանց առողջական վիճակը:
Գերեվարված անձանց վերաբերյալ տեղեկությունները կոնֆիդենցիալ են, կոմիտեն չի հրապարակում: Կոմիտեի ներկայացուցիչներն անցկացնում են առանձնազրույցներ: Այցերի համար ֆիքսված ժամկետներ չկան, բայց Ամատունու խոսքով՝ կոմիտեն ջանում է ապահովել, որպեսզի գերիներին տեսակցությունները լինեն հնարավորինս պարբերական:
Զառա Ամատունի - Անհրաժեշտության դեպքում դրանք կարող են լինել ավելի հաճախակի կամ տարբեր պատճառներով կարող են հետաձգել, բայց պարբերականության առումով չկա հստակություն, բայց մեր պրակտիկան ցույց է տալիս, որ ամեն ամիս հնարավորություն է լինում տեսակցել անձանց:
Ադրբեջանն այս պահին հաստատում է իր տարածքում 45 անձի գտնվելու փաստը: Նրանց բոլորի դեմ Բաքուն կեղծ քրեական գործեր է հարուցել, դատապարտել ազատազրկման:
Սիրանուշ Սահակյան, ՄԻԵԴ-ում գերիների շահերի ներկայացուցիչ - Այս պահին պաշտոնականացվել է վերջին միջադեպերով լեյտենանտի գերեվարման հանգամանքը, դրա համար 46 է դարձել թիվը: 46-ից զատ, ունենք 80 անձի գերեվարման վերաբերյալ տվյալներ, 30 անձի պարագայում նույնականացված են, ունենք տեսանյութ, նկար կամ ականատեսի ցուցմունք, նաև ԵԽԽՎ-ն զեկույցում նշել էր, որ առնվազն 30 անձի առնչությամբ կան լուրջ ապացույցներ, որոնք վկայում են գերեվարման մասին:
Գերության ընթացքում նրանց ճակատագրի վերաբերյալ տեղեկություններ չկան: Փաստական տվյալներ կան 70 քաղաքացիական անձի սպանության առնչությամբ: 40 անձի վերաբերյալ գործերն ուղարկվել են Եվրադատարան: Նախապատրաստվում է ևս 30 գանգատ, որից 10-ն առաջիկա օրերին կներկայացվի ՄԻԵԴ:
Սիրանուշ Սահակյան - Աշխատում ենք նաև բռնի անհետացածների, անհետ կորածների գործերի վրա: Այս պահին մոտ 16 անձի վերաբերյալ արդեն ներկայացրել ենք: Բռնի անհետացման դեպքերը մեր վարույթում մոտ 50-ն են:
Հայկական կողմի պահանջն է կյանքի իրավունքի պաշտպանություն, անձնական ազատություն, խոշտագումներից զերծ պահելու իրավունքի իրացում: Առանձին խնդիր է դրվելու, թե Ադրբեջանն արդյոք պատշաճ ջանքեր է գործադրում հետաքննելու դեպքերն ու հասանելի դարձնելու տեղեկատվությունը: