Ազգային ժողովի Պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահի ընտրության 5-րդ փորձն էլ ձախողվեց: Արդեն 5-րդ անգամ առաջադրված թեկնածուն կրկին Արթուր Ղազինյանն է: Քննարկման սկզբում Հայաստան դաշինքից Արամ Վարդևանյանը հայտարարեց՝ իրենց համար պարզ է՝ ընտրություն նորից չի լինելու: Իրավաբան պատգամավորն անօրինական բնորոշեց ստեղծված իրավիճակն ու հիշեցրեց Դոնթի բանաձևի մասին:
Արամ Վարդևանյան (ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր) - Իշխանություն-ընդդիմություն փոխհարաբերություններում չի կարող լինել իրավիճակ, հենց Դոնթի բանաձևը դրա համար էր նախատեսված, որ մի կողմը մյուսին պարտադրի իր կամքը՝ հղում տալով խղճին կամ համոզմունքին:
Անդրանիկ Քոչարյան (ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ) - Դոնթի բանաձևը շանտաժի բանաձև չէ, այն երկխոսոթյուն գտնելու և պարտադրանքից դուրս գալու բանաձև է, և այստեղ և՛ ընդդիմությունը, և՛ իշխանությունը անելիք ունեն, և մենք վաղ թե ուշ կգտնենք այդ փակուղուց դուրս գալու բանաձևը:
Իսկ ինքը՝ ընդդիմության միասնական թեկնածուն, հարցը բնորոշեց արարողակագային ու, իր ձևակերպմամբ, փորձեց քննարկումը բերել ֆուկցիոնալ դաշտ, առաջարկեց ստեղծել ենթահանձնաժողով, որն ամբողջությամբ կուսումնասիրի, թե ինչու Ռուսաստանի առաջարկով պատերազմը չի դադարեցվել դեռ հոկտեմբերի 7-ին: Ղազինյանի առաջարկից հետո իշխող խմբակցության պատգամավորները նրան կոչ արեցին նախորդ նիստի օրինակով կեսից չհեռանալ, ասացին՝ հարցեր ունեն: Բայց երբ հերթը հասավ թեկնածուին ներկայացնելուն, կրքերը բորբոքվեցին:
Գեղամ Մանուկյան (ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր) - Ամեն անգամ նույն ձևով ներկայացնել, քննարկել, հարց տալ, չքվեարկել կամ դեմ քվեարկել. այս անիմաստ քննարկմանը մենք չենք կարող մասնակցել:
Ղազինյանը հայտարարեց՝ օրակարգն իր համար սպառված է, ու հետևեց դահլիճը լքած Գեղամ Մանուկյանին ու Արամ Վարդևանյանին:
Արթուր Ղազինյան - Ես դուրս եմ գալիս, շարունակելու որևէ ցանկություն չունեմ:
Հանձնաժողովի ընդդիմադիր անդամներից դահլիճում մնաց միայն «Պատիվ ունեմ»-ից Տիգրան Աբրահամյանը: Քանի որ Ղազինյանը ընդդիմության միասնական թեկնածուն է, պատգամավորն իշխանությանն առաջարկեց երկխոսության գնալ, հիշեցրեց, որ խորհրդարանի փոխնախագահի ընտրության հարցում, նաև մյուս հանձնաժողովներում ընդդիմության առաջադրած թեկնածուների հասցեին ոչ պակաս սուր քննադատություն է հնչել, բայց ընտրությունը կայացել է:
Տիգրան Աբրահամյան (ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր) - Կարծում եմ՝ այս իրավիճակում, անկախ այս երկու ամսվա ընթացքում ստեղծված իրավիճակից, դուք՝ որպես մեծամասնություն, երկխոսոության դիրքերից ելնելով, պետք է ուղղակի փոխնախագահի պաշտոնում հաստատեք ընդդիմության միասնական թեկնածուին, և այս անիմաստ արտահերթ նիստերին վերջ կտանք, կանցնենք առաջ:
Խնդիրը պետք է լուծել Դոնթի բանաձևով, բայց փոխըմբռման մթնոլորտում՝ ասաց Քոչարյանը: Վահագն Ալեքսանյանն էլ նկատեց՝ թեկնածուն խախտում է բնականոն աշխատանքը, նիստը կիսատ է թողնում, ու սա՝ արդեն երկրորդ անգամ:
Վահագն Ալեքսանյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Անցած անգամվա նիստից հետո, երբ նույն կերպ դուրս էր եկել Ղազինյանը, հայտարարել էր որ Անդրանիկ Քոչարյանի տեղակալ լինելը իրեն պատվաբեր չէ: Ես ուզում էի Գեղամ Մանուկյանին հարցնել՝ ինչո՞ւ են անընդհատ փորձում անպատվել այդ մարդուն, և ինչի համար է այս ամբողջ շոուն:
Տիգրան Աբրահամյանի 1 կողմ և իշխող խմբակցության 7 դեմ ձայներով Ղազինյանը նորից չընտրվեց: Ու քանի որ Քոչարյանը դեռ տեղակալ չունի, երկրորդ հարցով առաջարկեց, որ հաջորդ նիստն իր փոխարեն վարի ՔՊ-ից հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը:
Ասաց՝ հոկտեմբերի 3-6-ը ինքը Ռուսաստանում է լինելու: Ինչ վերաբերում է իրավիճակի լուծմանը, ապա Անդրանիկ Քոչարյանը նկատեց՝ եթե առաջիկա մեկ ամսում էլ որպես փոխնախագահ առաջադրվի նույն թեկնածուն ու չընտրվի, իրենք կդիմեն խմբակցությանը՝ հարցը կարգավորելու համար:
Որպես լուծում են տեսնում կանոնակարգ օրենքի փոփոխությունը, որով հստակ կսահմանվի՝ եթե անձը երկու անգամ չի ընտրվում, ապա նրան առաջադրող խմբակցությունը պետք է ներկայացնի նոր թեկնածու՝ Դոնթի բանաձևի սկզբունքով: