ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մտահոգված է աշխարհի տարբեր հատվածներում շարունակվող սպառազինությունների մրցավազքով և զենքի շուկայի աճով։ ТАСС-ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է վերջինիս պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը՝ պատասխանելով Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի՝ անվտանգության ոլորտում նոր համաձայնագրի (AUKUS) նկատմամբ Գուտերեշի վերաբերմունքի մասին հարցին:
Ավստրալիան, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը սեպտեմբերի 15-ին հայտարարել էին անվտանգության ոլորտում նոր գործընկերության ստեղծման մասին։ Համաձայնագրի շրջանակներում Ավստրալիան ծրագրում է ամերիկյան տեխնոլոգիայով առնվազն ութ ատոմային սուզանավ կառուցել, ինչպես նաև իր զինված ուժերը վերազինել ամերիկյան արտադրության թևավոր հրթիռներով: Ուստի Կանբերան խզել էր Փարիզի հետ պատմության մեջ իր խոշորագույն պաշտպանական պայմանագիրը ավելի քան 50 մլրդ եվրո արժողությամբ սուզանավերի մատակարարման վերաբերյալ: