Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 29-ին Սոչիում կայանալիք բանակցությունների ընթացքում կքննարկեն իրադրությունը Սիրիայում, Լիբիայում, Աֆղանստանում և Հարավային Կովկասում: Այս մասին տեղեկացրել են Կրեմլի մամուլի ծառայությունից:
«Սեպտեմբերի 29-ին Սոչիում տեղի կունենան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները: Նախատեսվում է քննարկել քաղաքական և առևտրատնտեսական ոլորտներում ռուս-թուրքական գործընկերության տարբեր ուղղություններ: Տեղի կունենա նաև մտքերի հանգամանալից փոխանակում միջազգային արդիական հարցերի շուրջ, ներառյալ՝ Սիրիայում, Լիբիայում, Աֆղանստանում և Անդրկովկասում իրադրության զարգացումը»,- նշված է հաղորդագրության մեջ: