44-օրյա պատերազմի մասնակից ուսանողները տեսախցիկի առջև խոսելուց հրաժարվում, բայց իրենց բողոքը չեն թաքցնում: Բուհերում նրանց հորդորում են վճարել ուսման վարձը: Եվ սա այն դեպքում, երբ կառավարությունը դեռ անցյալ տարի ընդունեց որոշում, ըստ որի պատերազմի մասնակցի, մասնակցի երեխայի ուսման մեկ կիսամյակի վարձը կփոխհատուցի պետությունը։ «Բայց պետք է նախ հրամանագրվել, օրենքով բուհի ուսանող դառնալ»,- հակադարձում է ԿԳՄՍ ներկայացուցիչը:
Լուսինե Գրիգորյան, ՀՀ ԿԳՄՍ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի տեղակալ - Դեկանատները, բուհերը հաշվի առնելով օրենքի այս պահանջը, ուսման վարձի վճար են պահանջում ուսանողներից, բոլոր առաջին կուրսի ուսանողներից, որպեսզի կարողանան օրենքով սահմանված կարգով իրենց հրամանագրել:
Տնտեսագիտականի պրոռեկտորը վստահեցնում է՝ միշտ է այդպես եղել, ուսանողը զեղչերից, այլ աջակցություններից չի կարողացել օգտվել, քանի դեռ հրամանագրված չի եղել: Արմեն Գրիգորյանն ասում է՝ առաջին կուրսեցիներին կարգը բացատրել, հորդորել են՝ սիմվոլիկ գումար վճարել: Արդյունքում՝ շուրջ 160 ծրագրի շահառու պատերազմի մասնակից էլ առաջին ամսվա գումարը վճարել, հիմա սպասում է պետության աջակցությանը.
Արմեն Գրիգորյան, ՀՊՏՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր - Այստեղ բուհերն այդքան մեղավոր չեն, իրենք էլ իրենց հաշվապահական ցիկլերը ճիշտ կառավարելու և հետագայում ուսանող չունելու համար, ում հրամանագրելուց առաջ պետք է անեիր գործողություն, բայց չես արել այդ գործողությունը, այդտեղ էլ բուհերն են հայտնվելու խնդրի առաջ, թեև բոլոր բուհերն էլ 1 ամսվա վարձավճար են պահանջում ուսանող հրամանագրելու համար:
Ոլորտի պատասխանատուներն ուսանողներին հորդորում են չանհանգստանալ։ Գործընթացը դեռ չեն ավարտել: Նախարարության ներկայացուցիչը վստահեցնում է՝ եթե անգամ այս կիսամյակ ուսանողներն են վճարել ուսման վարձի մի մասը, մյուս կիսամյակի փոխհատուցումն անպայման պետությունը կանի։
Լուսինե Գրիգորյան - Արդեն ամփոփում ենք տվյալները, և մոտ մեկ ամսվա ընթացքում այդ ֆինանսական միջոցները կհասնեն բուհերին: Վճարած գումարը կհամարվի ուսանողի հաջորդ կիսամյակի վճար, նույնիսկ վերադարձի մեխանիզմներ կան: Եթե այլևս չշարունակի սովորել կամ դուրս մնալ, օրինակ, երկրորդ կիսամյակից, հետ վերադարձի մեխանիզմներ անձամբ բուհի հետ ուսանողը կարող է կարգավորել:
Ծրագրից մինչև օրս օգտվել է մոտ 7000 ուսանող, շուրջ 4000-ը 44-օրյա պատերազմի մասնակից են, մնացածը՝ մասնակցի կին կամ երեխաներ: Կրթական գերատեսչությունից վստահեցնում են՝ քանի որ պատերազմի մասնակից վերջին ուսանողը, որը զորակոչվել է 2020-ի ամռանն ու 2022-ին է վերադառնալու, ծրագիրը շարունակվելու է նաև մյուս տարի: Նախարարությունն այժմ քննարկում է նաև ըստ առաջադիմության մարտական գործողությունների մասնակից ուսանողներին ուսումնառության ընթացքում մինչև 70 տոկոս զեղչ հատկացնելու հարցը: