Հայաստանի վարկանիշը՝ «B+», այն է՝ «կայուն» հեռանկարով. Fitch վարկանշային գործակալության գնահատականն է: Ըստ միջազգային կառույցի՝ վարկանիշի պահպանման վրա ազդել են մակրոտնտեսական և հարկաբյուջետային քաղաքականությունը, բարեփոխումների իրականացման արժանահավատ հանձնառությունը, ինչպես նաև կառավարման և գործարար միջավայրի մեկ շնչին ընկնող համադրելի երկրների հետ համեմատ եկամտի ցուցանիշները: Fitch-ը 2021 թվականին Հայաստանի համար կանխատեսում է իրական ՀՆԱ-ի 5.5 տոկոս աճ:
Էդուարդ Հակոբյան, ՀՀ ֆինանսների նախարարության մակրոտնտեսական քաղաքականության վարչության պետ - Վարկանիշի կայուն, նույն մակարդակում մնալը ենթադրում է, որ կառավարության վարկունակությունը և վճարունակությունը չի փոխվել: Այսինքն՝ կառավարությունը շարունակում է կարող լինել, սպասարկել իր պարտավորություններն առանց որևէ խնդրի, և ներդրողները կարող են վստահ լինել, որ երկրում ռիսկերը կառավարելի են:
Երկրի ռեյտինգով պայմանավորված՝ վարկանիշ է շնորհվում նաև տեղական ընկերություններին, որոնք դիմում են այդ կազմակերպություններին: Ֆինանսական շուկան այս փուլում դրական է գնահատում Fitch-ի անփոփոխ թողած գնահատականը:
Կարեն Զաքարյան, Ֆինանսական շուկայի մասնակիցների ասոցիացիայի գործադիր տնօրեն - Քովիդի և պատերազմի արդյունքները հաղթահարված են, և խոշոր ինստիտուցիոնալ կառույցները գնահատում են, որ Հայաստանում բացասական զարգացումներ չկան, իրավիճակը կայունացել է: Սա ազդակ է նրա մասին, որ եթե ինվեստորը տեղեկություն է ստանում Հայաստանի մասին՝ գիտի, որ այս տեղեկությունները, այս տենդենցը, ամենայն հավանականությամբ, կշարունակվի նույն ձևով, չի վատթարանա:
Մասնագետների համոզմամբ՝ կարևոր է ոչ միայն վարկանիշը պահպանելը, այլև այն լավարկելը և կայունից դրական դարձնելը: Այս ուղղությամբ մի շարք քայլեր են անհրաժեշտ:
Էդուարդ Հակոբյան - Ամենակարևոր գործոններից մեկը, որը կտանի վարկանիշի բարելավման, դա պարտք-ՀՆԱ հարաբերակցության նվազման ապահովումն է առաջիկա տարիներին, և մենք ունենք հաստատված արդեն ՀՀ կառավարության պարտքի բեռի ծրագիր, որով նախանշվում է հենց այդ նվազման հետագիծը և որն էլ կնպաստի վարկանիշի բարելավմանը:
Կարեն Զաքարյան - Մենք պետք է արդեն ակնկալենք ինքներս մեզ համար, որ հաջորդ կանխատեսումները կարող են դրական լինել: Իհարկե, դա այնպես չի լինելու, պետք է աշխատել: Կառավարությունը նախատեսում է մեծ շինարարական նախագծեր, որոնք, բնականաբար, իրենց ազդեցությունը կունենան: Բայց տնտեսության մնացած ոլորտներում էլ պատասխանատուները չպետք է ձեռքերը ծալած նստեն:
Հայաստանը վարկանիշ է ստանում 3 խոշոր ընկերություններից՝ Moody's, Fitch և Standart & Poors: «Մուդիսը» ևս այս ամսվա սկզբում անփոփոխ էր թողել իր գնահատականը՝ կայուն հեռանկարով:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան