44-օրյա պատերազմի ընթացքում բանակն ու կամավորականները կռվել են ամեն մի սանտիմետր հողի համար: Տեղահանվածների համար կառուցվող բնակավայրերից մեկում երիտասարդների հետ հանդիպմանը հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Ընդգծեց՝ արդյունքները մեր օգտին չեն, որովհետև Ադրբեջանը միայնակ չէր այս պատերազմում:
Արայիկ Հարությունյան, Արցախի նախագահ - Տարբերությունը շատ մեծ էր այն պարագայում, երբ Ադրբեջանին օգնում էին Թուրքիան, Պակիստանը, Իսրայելը, և պատերազմի օրերին ամեն օր տասնյակ ինքնաթիռներ էին իջնում Ադրբեջանի օդանավակայանում՝ ժամանակակից զենք-զինամթերք ներկրելով:
Հետևանքները ծանր են, բայց անփոփոխ է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման ձևաչափը՝ հիշեցնում է Հարությունյանը: Հակամարտությունը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:
Արայիկ Հարությունյան - Բանակցային գործընթացը շարունակվում է: Բանակցային գործընթացի օրակարգում որևէ փոփոխություն չկա, ազգերի ինքնորոշման իրավունքը որպես բազային կետ, ուղղություն՝ մնում է: Եվ մեր պայքարը լինելու է դրա շրջանակներում:
Արցախի տարածքային ամբողջականությունն այդ պայքարի կարևոր պահանջն է: Արցախցին ուզում է ապրել խաղաղ, բայց արժանապատիվ կյանքով:
Արայիկ Հարությունյան - Մեր օրակարգը՝ խաղաղության օրակարգը, պետք է արժանապատիվ խաղաղության օրակարգ լինի: Տարածքային ամբողջականության վերաբերյալ շարունակելու ենք բանակցային գործընթաց, խաղաղ պայքար:
Արայիկ Հարությունյանն ընդգծեց՝ արցախցիները չեն հրաժարվելու օկուպացված տարածքներից: Բնակավայրը կառուցում են, որ մինչև խնդրի լուծումը տեղահանվածները տանիք ունենան: