Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին երկուշաբթի՝ Լեռնային Ղարաբաղում պատերազմի սկսվելու տարելիցի օրը, իր միջնորդությունն է առաջարկել Ադրբեջանին և Հայաստանին, հաղորդում է Թբիլիսիում Взглуд թերթի թղթակիցը:
«Մենք առաջարկում ենք հարթակ, որը նախատեսում ենք ստեղծել Թբիլիսիում»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Վրաստանի կառավարության ղեկավարը:
Նա հիշեցրել է, որ հունիսին Վրաստանի միջնորդությամբ Հայաստանը 15 ռազմագերիների ազատ արձակման դիմաց Ադրբեջանին հանձնեց ականապատ տարածքների քարտեզներ: «Դա հաջող միջնորդության աննախադեպ օրինակ էր»,- ընդգծել է Ղարիբաշվիլին:
Ղարիբաշվիլիի խոսքով՝ Վրաստանը մտադիր է շարունակել միջնորդական ջանքերն այդ ուղղությամբ, որպեսզի նախաձեռնությունները «մշտական ձև ու բնույթ» ստանան:
Ավելի վաղ Վրաստանի վարչապետը, ելույթ ունենալով Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանում, համաշխարհային առաջնորդներին առաջարկել էր «խաղաղ հարևանության նախաձեռնությունը», որը պետք է ապահովի խաղաղությունն ու կայունությունը Սևծովյան տարածաշրջանում:
Վրաստանի վարչապետը նշել է, որ Թբիլիսին պատրաստ է ընդունելու առաջին հանդիպումը խաղաղության նախաձեռնության շրջանակում: «Այս ձևաչափը, մեր ամերիկացի և եվրոպացի գործընկերների հետ միասին, կօգնի երկխոսության ձևավորմանը և կլինի ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային խնդիրների գործնական լուծումը: Վրաստանը պատրաստ է Թբիլիսիում անցկացնել միջազգային հանդիպում՝ քննարկելու մեր խաղաղ, բարիդրացիական նախաձեռնության հեռանկարները, որին կմիանան մեր հարավկովկասյան հարևաններն ու միջազգային գործընկերները»,- եզրափակել է Ղարիբաշվիլին: