Հիշատակի միջոցառումներն Արցախում մեկնարկել են երեկ: Ջահերով երթ կազմակերպելու Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությանը միացել էին շատերը: Աշոտ Երկաթի պահապան խաչով՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցուց մինչև եղբայրական գերեզմանոց: Երթը սգի, բայց և հարատևման խորհուրդ ուներ, խորագիրը՝ Արցախն ապրում է:
Լուսինե Ղարախանյան, Արցախի կրթության, գիտության և սպորտի նախարար - Մենք մնալու ենք այս հողում, սա մեր հայրենիքն է: Մնացածները, ովքեր խցկվել են, ժամանակավոր են: Մենք ուրիշ տեղ՝ հայրենիքից դուրս, հայրենիք չենք կառուցելու: Մենք հայրենիքից դուրս հոգևոր գաղութներ չենք ստեղծելու:
44-օրյա պատերազմում ընկածների հիշատակին հոգեհանգստյան կարգ է մատուցել Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը: Արարողությանը մասնակցել են նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, Պաշտպանության նախարարը, խորհրդարանի և կառավարության անդամներ:
Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան, ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ - Մեր հողը՝ ջրից առավել, արյամբ է ոռոգված: Սա և՛ ցավ է, և՛ հպարտություն: Մենք ի սկզբանե սիրեցինք մեր հողը և պիտի շարունակենք սիրել: Մեր հողը կոչված է միայն մերը լինելու:
Ստեփանակերտի Մայր Տաճարից՝ դեպի հուշահամալիր: Քայլերթի մասնակիցները զինվորական պանթեոնում խնկարկել ու ոգեկոչել են ուղիղ մեկ տարի առաջ սկսված պատերազմում ընկածների հիշատակը:
Նորայր Մկրտչյան, Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալ - Հայ ժողովուրդը մարտնչել է Թուրքիայի, Ադրբեջանի, Պակիստանի, ինչպես նաև ռազմատեխնիկական առումով՝ Իսրայելի, Հարավաֆրիկյան Հանրապետության, Ուկրաինայի և այլ պետությունների դեմ, քանի որ նրանք, այսպես ասած, որոշել են համատեղ ուժերով երկրի երեսից ջնջեն Արցախ բառը, որպեսզի Արցախ աշխարհն այլևս չլինի, որպեսզի այստեղ երբևիցե հայկականություն գոյություն չունենա:
Հայկականության պահպանմամբ և ինքնորոշման իրավունքի իրացմամբ Արցախը կշարունակի ջանքերը միջազգային ճանաչման ուղղությամբ: Պատերազմից հետո Արցախի արտաքին քաղաքական օրակարգում երկու նոր կետ է ավելացել՝ ընդգծում է արտգործնախարար Դավիթ Բաբայանը:
Դավիթ Բաբայան, Արցախի արտաքին գործերի նախարար - Մեկը միշտ եղել է օրակարգում, բայց հիմա շատ ավելի մեծ դերակատարություն ունի՝ դա դեօկուպացիայի խնդիրն է, և երկրորդը, որը չափազանց կարևոր է և որից կախված է մեր արտաքին քաղաքականության արդյունավետությունը և, ընդհանրապես, պետականաշինության, պետական ապագան, այն է, որ մենք պետք է պահպանենք Արցախի կարգավիճակը որպես աշխարհաքաղաքական սուբյեկտ:
Ռազմական գործողությունների առաջին օրվանից Ադրբեջանը կոպտորեն խախտել է միջազգային իրավունքի բոլոր նորմերը՝ ի սկզբանե թիրախավորել խաղաղ բնակչությանը, հիվանդանոցներն ու հոսպիտալները: Անմարդկային վերաբերմունքի են արժանացել հայ ռազմագերիները:
Գեղամ Ստեփանյան, Արցախի մարդու իրավունքների պաշտպան - Այսօր արդեն թարմացված ներկայացրել ենք 80 քաղաքացիական անձանց վերաբերյալ հակիրճ տվյալներ, որոնք սպանվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից: 42-ը սպանվել է հեռահար հարվածներից, իսկ 38-ն այն բանից հետո, երբ ադրբեջանական զորքերը օկուպացրել են նրանց բնակավայրերը: Եվ բոլոր 38-ի դեպքում էլ դատաբժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ նրանց մարմինների վրա հայտնաբերվել են խոշտանգման և կտտանքների դեպքեր:
Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, Արցախում հայտարարված էր լռության րոպե: Պետական հանձնաժողովի խնդրանքով բոլորը մեկ րոպե լռությամբ հարգել են Արցախի ազատության և անկախության համար անմահացածների հիշատակը: