2020 թ. Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների հիշատակին Հայաստանում և Արցախում այսօր ժամը 11:00-ին կհայտարարվի լռության րոպե: Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը՝ առավոտյան 7:10-ին, Ադրբեջանը, Թուրքիայի անսքող աջակցությամբ, համալրված նաև վարձկան ահաբեկիչներով, Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ սկսեց հարձակում:
Հայաստանում և Արցախում հայտարարվեցին ռազմական դրություն և զորահավաք: 44 օր շարքային զինվորից մինչև հրամանատար, պայմանագրայինից մինչև ռազմաճակատ մեկնած կամավորական կենաց-մահու պայքար մղեցին՝ պաշտպանելու հայրենի հողը: Արցախի դեմ ագրեսիան ուղեկցվում էր ադրբեջանական զինված ուժերի կողմից միջազգային նորմերի բազմաթիվ կոպտագույն խախտումներով, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության և կենսական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորմամբ, ռազմագերիների և քաղաքացիական պատանդների նկատմամբ իրականացված խոշտանգումներով։
Նոյեմբերի 9-ի երեկոյան հայտնի դարձավ՝ կեսգիշերից մեկ ժամ անց պատերազմը դադարելու է. Հայաստանի վարչապետը և Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահները հայտարարություն են ստորագրել: Հայկական կողմը կորցրեց Արցախի հարակից 7 շրջանը, Հադրութը, Շուշին: Որոշվեց՝ Լեռնային Ղարաբաղում տեղակայվելու են ռուս խաղաղապահներ, տարածաշրջանում բացվելու են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը, Հայաստանի տարածքով ցամաքային կապ է ապահովվելու Ադրբեջանի և Նախիջևանի միջև:
Ոչ պակաս ցավոտ էին մարդկային կորուստները. ըստ պաշտոնապես հրապարակված վերջին տվյալների՝ 44-օրյա պատերազմում զոհվեց 3777 անձ: 243 մարդու գտնվելու վայրը մինչև օրս անհայտ է համարվում: Լեռնային Ղարաբաղի տասնյակ հազարավոր բնակիչներ տեղահանվեցին: