2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը թեև պարունակում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման որոշ տարրեր, այդուհանդերձ Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանի խոսքով՝ այն ընդամենը հրադադարի հաստատման փաստաթուղթ է և ոչ ավելին:
Ստյոպա Սաֆարյան, ՄԱՀՀԻ ղեկավար - Այն չի հանդիսանում հակամարտության կարգավորման փաստաթուղթ և չի ներառում հակամարտության կարգավորման առանցքային հարցի՝ Արցախի կարգավիճակի խնդիրը: Այլ կերպ ասած՝ հակամարտությունը մնում է չկարգավորված և սպասում է իր կարգավորմանը:
Սաֆարյանի ղեկավարած կենտրոնը 44-օրյա պատերազմին հաջորդող զարգացումների վերաբերյալ զեկույց է պատրաստել: Ստյոպա Սաֆարյանը շեշտեց՝ հայտարարության ստորագրումից անմիջապես հետո Ադրբեջանը ձեռնամուխ եղավ սադրիչ գործողությունների:
Հակառակորդը ներխուժեց Հայաստանի ինքնիշխան տարածք, հենց Հայաստանի տարածքում գերեվարվեցին և սպանվեցին հայ զինծառայողներ, քաղաքացիական անձնինք ենթարկվեցին ահաբեկումների: Հայ ռազմագերիները շինծու մեղադրանքներով հայտնվեցին դատապարտյալների աթոռներին, ոչնչացվեց հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը: Այս գործողություններն ուղեկցվում էին ադրբեջանական բարձրագույն իշխանության կողմից Հայաստանի և Արցախի ժողովուրդների հասցեին հնչեցվող սպառնալիքներով և մեղադրանքներով: Հենց սրան վերաբերող փաստերն էլ ներառված են զեկույցում:
Ստյոպա Սաֆարյան - Ադրբեջանի՝ այս գործողությունների նպատակը զեկույցի փաստերի ամրագրման հիմքի վրա մեր կողմից գնահատվել է որպես Արցախի հայաթափմանն ու սարսափեցմանն ուղղված գործողություններ:
Ըստ Սաֆարյանի՝ պետք է անհապաղ վերականգնել ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո բանակցային գործընթացի ձևաչափը: Կարևոր է Ադրբեջանին միասնական ջանքերով միջազգային իրավունքի դաշտ բերելը: Զեկույցի ներկայացմանը մասնակցող մյուս փորձագետները ևս փաստում են՝ պետք է միջազգային կառույցների մասնակցությամբ հասնել չլուծված հակամարտության լուծմանը:
Սոսի Թաթիկյան, Հանրային կառավարման և անվտանգության փորձագետ - Այդ հակամարտության լուծումը պետք է վերադարձնել միջազգային իրավունքի տիրույթ: Հավանաբար հարցն այն է, թե ինչպես Ադրբեջանին հետ բերել բանակցային սեղան, մենք այդ առումով կարիք ունենք միջազգային աջակցության: Հատկապես՝ Մինսկի խմբի համանախագահների:
Իսկ արտաքին աշխարհի հետ աշխատանքը, ըստ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի, ակտիվ չէ, տեղեկատվությունն էլ միակողմանի է:
Ստեփան Գրիգորյան, ԳՏՀՎ կենտրոնի նախագահ - Ոչ միայն կարևոր է, որ Ադրբեջանը որոշեց պատերազմով լուծել Արցախի խնդիրը, այլ պատերազմից հետո մտավ ՀՀ տարածք, դա էլ շատ վատ է:
Զեկույցում նաև կարևորվում են ﬕջազգային հանրության հասցեական ջանքերը հայ գերիների անհապաղ վերադարձի, ինչպես նաև Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական ուժերի դուրսբերման ուղղությամբ: