2021 թ. սեպտեմբերի 26-ին՝ ժամը 21:25-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ ձախ կողմնային շրջանի կտրած-ծակած վերք ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 31-ամյա տղամարդ:
Նախնական տվյալներով՝ տուժողը նշված վնասվածքներն ստացել է Երևան քաղաքի Արտաշատի խճուղում գործող հանրային սննդի կետի հարևանությամբ՝ հայհոյելու շուրջ ծագած վիճաբանության ժամանակ:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին։
Ձեռնարկված քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև` օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի բնակիչ է՝ 29 տարեկան:
Վերջինս ձերբակալվել է՝ համաքաղաքացու առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու կասկածանքով, և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ՝ տալով ինքնախոստովանական ցուցմունք:
Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են արնանման հետքեր, վերցվել են փորձանմուշներ, առգրավվել են տուժածի հագին դեպքի պահին եղած հագուստները, հարցաքննվել են մի շարք անձինք:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, հանցագործության գործիք հանդիսացած դանակը հայտնաբերելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: