2021-ին Հայաստանի խորհրդարանի արտահերթ ընտրություններն արդյունավետ և պրոֆեսիոնալ են անցկացվել: Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանում ԵԽԽՎ դիտորդական հանձնաժողովի ղեկավար Ջորջ Կատրուգալոսի զեկույցը նվիրված էր Հայաստանի խորհրդարանական ընտրություններին: Պաշտոնյան երկու գործոն է առաձնացնում ընտրությունների քաղաքական մթնոլորտի վերաբերյալ՝ առաջինը 3 տարի առաջ տեղի ունեցած հանրային ընդվզման իներցիան էր, որի արդյունքում երկար տարիներ գերիշխող «Հանրապետական» կուսակցությունը 2018 թվականի ընտրություններին անգամ չկարողացավ ապահովել իր ներկայությունը խորհրդարանում՝ նշում է Կատրուգալոսը: Մյուս գործոնն Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի համար պատերազմն էր, և այն հիասթափությունը, որն ստեղծեց պարտությունը:
Ջորջ Կատրուգալոս, ԵԽԽՎ դիտորդական հանձնաժողովի ղեկավար - Ընդդիմությունը բավական կոշտ քննադատում էր կառավարությանը: Միջավայրը բավական թունավոր, շատ բևեռացված էր, գրգռող ելույթները հաճախ հատում էին ատելության խոսքի սահմանը: Ընտրությունների ինստիտուցիոնալ շրջանակն, ընդհանուր առմամբ, համակողմանի էր և համապատասխանում էր Եվրոպայի խորհրդի չափորոշիչներին: Միակ բացառությունը, թերևս, խորհրդարան կուսակցությունների մուտք գործելու համար նախատեսված համեմատաբար բարձր ընտրական շեմն էր՝ կուսակցությունների համար այն 5 տոկոսն է, իսկ դաշինքների համար՝ 7: Դրա արդյունքում՝ ընտրազանգվածի մեկ քառորդը ներկայացված չէ խորհրդարանում: Քաղաքացիական հասարակությունը բավական ակտիվ էր, ընդհանուր առմամբ՝ ազատությունները հարգվում էին:
Որպես զեկույցի ամփոփում, Կատրուգալոսը նշել է, որ 2018 թ. հեղափոխության արդյունքում տեղի ունեցած էական փոփոխությունները վերահաստատվեցին 2021-ին: Հայաստանում անընդմեջ երկրորդ ժողովրդավարական ընտրություններն են անցկացվել, ինչը մեծ լավատեսություն է ստեղծում Հայաստանի ապագայի նկատմամբ: Ազգային ժողովի ընտրություններին է անդրադարձել նաև Ադրբեջանի ներկայացուցիչ Սամեդ Սեյիդովը: Ընտրություններում հաղթեց Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուժը, որովհետև հայ ժողովուրդը դեմ էր քվեարկել Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին և Սեյրան Օհանյանին՝ իր խոսքում ասում է ադրբեջանցի պաշտոնյան:
Սամեդ Սեյիդով, ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար - Նրանք քվեարկել են Նիկոլ Փաշինյանի օգտին, որովհետև ուզում են ապրել խաղաղության մեջ, ինչպես բոլոր ժողովուրդները: Փաշինյանն ուներ այդ հնարավորությունը երեք տարի առաջ, հայ ժողովուրդը տվել էր նրան այդ մանդատը, բայց նա, ցավոք, գործեց պատմական սխալ և ընտրեց նույն ճանապարհը, ինչ Սարգսյանը, Քոչարյանը և Օհանյանը: Մենք տեսանք, թե ինչ եղավ Հայաստանում, և պատմությունը երկրորդ հնարավորություն է տվել Հայաստանին: Փաշինյանը կրկին հաղթել է, և սա ակնհայտ օրինակ է, որ մարդիկ խաղաղություն են ուզում:
Սա երկրորդ ազատ ընտրություններն էր հեղափոխությունից հետո, որն անցավ շատ դժվար ժամանակներում՝ պատերազմից հետո, բայց հայկական ժողովրդավարական ինստիտուտները գերիշխեցին՝ իր խոսքն է սկսում վեհաժողովում Հայաստանը ներկայացնող Ռուբեն Ռուբինյանը, ապա պատասխանում է ադրբեջանցի պաշտոնյային:
Ռուբեն Ռուբինյան, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար - Երբ պարոն Սեյիդովը սպեկուլացնում էր Հայաստանի իշխանության և ընդդիմության հարաբերությունները, իմ առաջին արձագանքն էր նույնն անել, հետո հիշեցի, որ Ադրբեջանում ընդդիմություն չկա, ընտրություններ չկան և ժողովրդավարություն չկա: Պարոն Սեյիդով, մեր կուսակցությունը և Փաշինյանը հաղթեցին, որովհետև հայ ժողովուրդը ժողովրդավարություն և ազատություն է ուզում Հայաստանում, հայ ժողովովուրդը խաղաղություն է ուզում Լեռնային Ղարաբաղում: Եվ սա մի բան է, որը հնարավոր չէ կոտրել, մենք դա բազմաթիվ անգամներ ցույց ենք տվել և սա հայ ժողովրդի կամքն է: Իհարկե, խաղաղություն պետք է հաստատվի, բայց, կարծում եմ, մենք պետք է փոքր քայլեր անենք դեպի այդ խաղաղությունը, իսկ Ձեր ելույթը, ցավոք, այդ քայլերից չէ:
Նստաշրջանի օրակարգային հարցերի շարքում է նաև Ղարաբաղյան երկրորդ պատերազմի հետևանքով Արցախում առաջացած հումանիտար խնդիրների հարցը: