Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրահանգել է բանակը բերել մարտական բարձր պատրաստության վիճակի: Այդ մասին կիրակի Բելգրադում հայտարարել է պաշտպանության նախարարությունը: Իրավիճակը սրվել է Կոսովոյի սահմանամերձ գոտում հատուկ նշանակության ուժերի տեղակայման պատճառով: Սերբերը Կոսովոյի գործողությունները ընդունել են որպես սադրանք, գրում է DW-ն:
Կոսովոյի ոստիկանության ստորաբաժանումները նախկինում տեղակայվել էին երկրի հյուսիսում գտնվող երկու սահմանային անցակետում: Տարածաշրջանում գերակշռում են էթնիկ սերբերը, որոնք չեն ճանաչում Պրիշտինայի՝ էթնիկ ալբանացիների գլխավորած կառավարությունը:
Հատուկ ջոկատները սահմանամերձ գոտի են ժամանել կառավարության որոշման համաձայն, որով սերբական համարանիշներով վարորդներից պահանջվում է Կոսովո մտնելիս դրանք փոխել ժամանակավոր համարանիշներով: Պահանջի դեմ բողոքի ցույցեր են սկսել հարյուրավոր սերբեր, որոնք նաև տրանսպորտային միջոցներն օգտագործել են՝ սահմանային անցակետերում երթևեկությունը փակելու համար:
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը երկու կողմերին լարվածության թուլացման կոչ է արել: Հատուկջոկատայինները պետք է անհապաղ դուրս բերվեն սահմանից՝ ասել է նա ՝ ընդգծելով, որ «ցանկացած հետագա սադրանք կամ միակողմանի և չհամաձայնեցված գործողություն անընդունելի է»: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը նույնպես կողմերին զսպվածության և երկխոսության վերսկսման կոչ է արել: Դաշինքի ղեկավարը հեռախոսազրույց է ունեցել Սերբիայի նախագահի և Կոսովոյի վարչապետի հետ:
2008-ին Կոսովոն անջատվեց Սերբիայից և միակողմանի անկախություն հռչակեց: Այն ճանաչել են եվրոպական շատ պետություններ, ինչպես նաև ԱՄՆ-ը: Բելգրադը, սակայն, Կոսովոն համարում է իր ինքնավար մարզը և չի ճանաչում Պրիշտինայի անկախությունը: Սերբիայի դիրքորոշումը կիսում են Ռուսաստանը, հետխորհրդային պետությունների մեծ մասը, ինչպես նաև Չինաստանը և Հնդկաստանը: