Կյանքի պուրակի ծառերը՝ զինված ուժերի պատվո պահակային վաշտի զինծառայողների հսկողությամբ: Մոլբերտին ցուցադրվում է Բուսաբանական այգում ստեղծվող պուրակի էսքիզը: Նախագիծը ներկայացվեց վարչապետին: Բլրի շուրջը պարուրաձև ճանապարհն է լինելու՝ պատերազմների հերոսների հիշատակին նվիրված Կյանքի պուրակի գլխավոր խորհրդանշանը:
Արմեն Շատվորյան (Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ճարտարապետության ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար) - Խորհրդանշում է նոր զարգացման փուլը, պարույրը դա է խորհրդանշում: Ճանապարհը բերելով դեպի բլրի գագաթ, տրամաբանական կետը, որտեղ պետք է լինի մարդածին կենաց ծառ՝ արվեստի աշխատանք է լինելու, թվայնացված, հետաքրքիր կետ պետք է լինի:
Դա որպես հուշակոթող կլինի, իսկ կյանքի ծառի համար ընտրվել է սոսին: Այդ երկուսի միջև կստեղծվի վիզուալ կապ: Սոսին պուրակի գլխավոր ծառատեսակն է լինելու:
Քրիստինա Վարդանյան («Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի զարգացման գծով փոխտնօրեն) - Սոսին շատ հայկական ա, դեռ Անահիտ աստվածուհու ժամանակից նրա տաճարը շրջապատված ա եղել սոսիներով: Արցախյան տնջրին ա, դա շատ հզոր, էներգետիկայով ծառ ա, քիչ է հիվանդանում, կարևոր է կանաչ զանգվածի համար:
Պուրակն ընդգրկելու է այգու հարավային հատվածը, որն ամայի տարածք է: Ստեղծագործական թիմում ներգրավվել են նաև քաղաքապետարանի, ճարտարապետաշինարարական համալսարանի մասնագետները: Պարուրաձև ճանապարհից բացի, կստեղծվեն հեծանվուղիներ, ճեմուղիներ, բարձրացող-իջնող արահետներ:
Արմեն Շատվորյան - Ջրային հատվածներ ենք պարտադիր տեսնում, քանի որ սա, այնուամենայնիվ, կանաչ տարածք է, որ պետք է Երևանի համար լուրջ խթան հանդիսանա:
Մասնագետների խոսքով՝ կանաչ, բնական նոր միջավայրը կարևոր է հատկապես հետպատերազմյան հոգեբանական խնդիրների հաղթահարման համար:
Քրիստինա Վարդանյան - Լավագույն առողջացման ճանապարհը բնության հետ կոնտակտն է, որքան շատ լինել, ինքնին կյանքն է, ինքնին առողջությունը:
Կյանքի պուրակը կլինի մոտ 30 հեկտար: Կկառուցվի նոր ջրագիծ, կսկսի կյանքի կոչվել խոշոր նախագիծը, հրապարակի ծառերը կտեղափոխվեն Բուսաբանական այգի: