Reuters լրատվական գործակալությունը գրում է, որ Ռուսաստանն ավելացրել է օդային հարվածների թիվը Սիրիայում՝ գրոհայինների վերահսկողության տակ գտնվող հյուսիսարևմտյան շրջաններում, Թուրքիան էլ սկսել է զորքեր տեղափոխել այդ տարածքում։
Գործակալությունը, հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնում է, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Թայիփ Էրդողանի սպասվելիք հանդիպումից երեք օր առաջ ռուսական կողմը սկսել է թիրախավորել Աֆրինի շրջակայքի գյուղերը, ռուսական կողմի հարվածներն Իդլիբի շրջանից ձգվում են մինչև Հալեպի հյուսիս։
Միաժամանակ հաղորդվում է, որ Թուրքիան վերջին երկու շաբաթվա ընթացքում մեծաթիվ զորք, զրահատեխնիկա և սպառազինություն է ուղարկել շրջան՝ ցույց տալով հնարավոր հարձակումներին հակազդելու իր վճռականությունը։ Թուրքիային պատկանող ռազմական շարասյունը շաբաթ երեկոյան անցել է Սիրիա և շարժվել Ջաբալ ալ Զավյայի ուղղությամբ, որտեղ էլ տեղակայված են թուրքական ռազմաբազաները։
SANA լրատվական գործակալությունն էլ հայտնել է, որ թուրքական զորքերը և Անկարայի վերահսկողության տակ գտնվող սիրիական ընդդիմությունը գնդակոծել են Հալեպի նահանգի բնակավայրերը: Հրետակոծության հետևանքով վնասվել են տներ և գյուղատնտեսական նշանակության հողեր, ինչպես նաև պետական ու մասնավոր սեփականություն: