Իրանի իշխանությունները հրաժարվել են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) տեսուչներին թույլ տալ մուտք գործել Քերեջիի միջուկային օբյեկտ: Այդ մասին կիրակի՝ սեպտեմբերի 26-ին, հայտարարել է ԱԷՄԳ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին: Խոսքը վերաբերում է գործարանին, որտեղ արտադրվում են ուրանի հարստացման համար օգտագործվող ցենտրիֆուգների մասեր, հայտնում է DW-ն:
Սեպտեմբերի կեսին Թեհրանն ու գործակալությունը համաձայնության էին եկել իրանական միջուկային օբյեկտների վերահսկման հարցի շուրջ: Իսլամական Հանրապետությունը համաձայնել էր վերականգնել ԱԷՄԳ-ի տեսուչների մուտքը նման օբյեկտների խցիկներ: Պայմանագիրը, սակայն, չի հաջողվել իրականացնել Քերեջիի ցենտրիֆուգների արտադրության գործարանում: Այդ օբյեկտի խցիկները լուրջ վնասվել էին ամիսներ առաջ տեղի ունեցած միջադեպի հետևանքով, որը իրանական լրատվամիջոցներն անվանում էին սաբոտաժի անհաջող գործողություն:
2015 թ. Իրանը, Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Չինաստանը, Գերմանիան, Ֆրանսիան և Միացյալ Թագավորությունը ստորագրել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը: Ըստ այս փաստաթղթի՝ Թեհրանը պետք է իրականացնի իր միջուկային ծրագիրը սահմանափակող մի շարք քայլեր՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից նախկինում կիրառված պատժամիջոցների չեղարկման դիմաց: 2018 թ. մայիսին Միացյալ Նահանգները միակողմանիորեն դուրս եկավ համաձայնագրից և նոր պատժամիջոցներ կիրառեց Իսլամական Հանրապետության նկատմամբ:
Ապրիլին Վիեննայում սկսվեցին բանակցություններ՝ գործարքի պայմաններին վերադառնալու համար, սակայն դրանք փակուղի մտան, երբ Իրանի նախագահ ընտրվեց Արևմուտքի հետ կոշտ դիրքորոշման ներկայացուցիչ Էբրահիմ Ռայիսին: