Իսպանիայի Սիտջես քաղաքում այսօր մեկնարկում է աշխարհի կանանց թիմային առաջնությունը:
Ի թիվս աշխարհի 12 ուժեղագույն հավաքականների՝ մրցաշարին մասնակցում է նաև Հայաստանի կանանց հավաքականը, որի կազմում ընդգրկված են Եվրոպայի կանանց գործող չեմպիոն Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, Սուսաննա Գաբոյանը և Սիրանուշ Ղուկասյանը։
12 թիմերը բաժանվել են 2 խմբի: Խմբում 1-4-րդ տեղերը գրաված թիմերը կնվաճեն փլեյ-օֆ-ի ուղեգրեր։ Հայաստանի հետ նույն խմբում են ընդգրկված Ռուսաստանի, Հնդկաստանի, Ադրբեջանի, Իսպանիայի և Ֆրանսիայի հավաքականները։
Այսօր կկայանան առաջին և երկրորդ տուրերը։ Առաջին տուրում մեր մրցակիցն է լինելու Ֆրանսիան, երկրորդում՝ Ադրբեջանը։