Իսլանդիայում անցկացված ընտրությունների վերահաշվարկից հետո այդ երկիրը կորցրեց մեծամասնությյամբ կանանցից կազմված խորհրդարանը: Այդ մասին հայտնում է BBC News-ը:
Նախնական արդյունքների համաձայն՝ կանայք 63-ից զբաղեցրել էին 33 տեղ, ինչը կազմում էր պատգամավորների ընդհանուր թվի 52 տոկոսը, սակայն հետագայում հայտնի դարձավ, որ ստացել են ընդամենը 30 տեղ: Այսպիսով, Իսլանդիան չդարձավ կանանց մեծամասնությամբ խորհրդարանով առաջին երկիրը Եվրոպայում: Այսօր դրան ամենամոտը Շվեդիան է, որտեղ կանայք զբաղեցնում են պատգամավորական մանդատների 47 տոկոսը:
BBC News-ը նշում է, որ Իսլանդիան վաղուց համարվում էր գենդերային հավասարության առաջատար և 12-րդ տարին անընդմեջ Համաշխարհային տնտեսական ֆորումի զեկույցում ճանաչվել է աշխարհի ամենահավասար իրավունքներով երկիրը: