44-օրյա պատերազմից 1 տարի անց Եռաբլուրը մարդաշատ է: Վաղ առավոտից զինվորական պանթեոն են այցելում զոհված զինծառայողների ծնողները, ընկերներն ու հարազատները՝ հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի համար ընկածների հիշատակին: Գևորգ Խաչատրյանը որդու՝ Էդգարի գերեզմանին այցելել է միայնակ, հերոսի մորն այսօր Եռաբլուր չի բերել:
Գևորգ Խաչատրյան (զոհված զինծառայող Էդգար Խաչատրյանի հայրը) - Կամավոր գնաց, որպես դիպուկահար: Հոկտեմբերի 9-ին իրենք եղել են 12 զինակից ընկերներ, դիպուկահարների հատուկ ջոկատ է եղել: ԱԹՍ-ից ստանում է մահացու հարված:
Մարտական ծառայության մեդալով պարգևատրված Էդգար Խաչատրյանի կողքին ննջում են իրենից տարիքով կրտսեր տղաները: Ավարտելով քոլեջը և անտեսելով տարկետման իրավունքը՝ Արմանն ու ընկերները մեկնել են ծառայության: Այսօր նրանց այցելության են եկել ուսուցիչներն ու համադպրոցականները:
Անահիտ Հովհաննիսյան (Երևանի ՃՇՀԱՀ միջին մասնագիտական կրթության քոլեջի տնօրեն) - Սա այն արհավիրքն է, որ երբևէ մեր պատմությունից չի հեռանալու, և սա պետք է դաս լինի մեր ժողովրդի համար, որ մենք ավելի տոկուն և միասնական լինենք և հասկանանք՝ հանուն ինչի և ինչպես ենք ապրում:
ՇԻՐՄԱՔԱՐԵՐԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԸՆԹԱՑՔԻ ՄԵՋ ԵՆ
Եռաբլուրում շարունակվում են շիրմաքարերի կառուցապատման աշխատանքները: Պաշտպանության նախարարը նախ ծաղիկներ է խոնարհում զոհվածների հիշատակին, ծանոթանում աշխատանքների ընթացքին, ապա լրագրողներին հայտնում՝ խոսելու է միայն օրվա խորհրդի վերաբերյալ:
Արշակ Կարապետյան (ՀՀ պաշտպանության նախարար) - Ամեն ինչ անելու ենք, որ այս միջավայրը լինի պանթեոն, այլ ոչ թե նմանակվի գերեզմանի: Սա մեր սուրբ տեղն է, մենք այստեղ պետք է գանք, իրենց հետ ժամանակ անցկացնենք և չհաշվենք իրենց մահացած:
Շիրմաքարերի տեղադրման աշխատանքները կավարտվեն մինչև այս տարվա ավարտը: Գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը նշում է՝ սահմանված ժամկետից շեղում չկա:
Վարդան Ավետիսյան (ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական) - Կառուցապատման աշխատանքները գրեթե ավարտվել են, դրան զուգահեռ իրականացվում են սալիկապատման աշխատանքները: Պատվիրվել են ծնողների կողմից ընտրված քարերը, հոկտեմբերի 5-ից առաջին քարն արդեն տեղադրված կլինի:
Եռաբլուրում այսօր ամփոփված է 44-օրյա պատերազմում զոհված 897 զինծառայողի աճյուն: Ծանր տեխնիկան աշխատանքը դադարեցնում է միայն ժամանակ առ ժամանակ:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան