Զինծառողների ապահովագրության հիմնադրամը պատերազմի ընդհատած կյանքերի, հաշմված ճակատագրերի վերաբերյալ 444 էջ` միայն անուն, ազգանուն ունի լրացրած։ Շահառուների ընդհանուր թվից նախկին դեպքերը 416-ն են, մնացած բոլորը Արցախյան վերջին պատերազմի հետևանքով են համալրել հատուցումների ցուցակը։
Սմբատ Սաիյան (Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի փոխհատուցումների գծով փոխտնօրեն) - Փաստացի հատուցում փաստացի է վճարվել 4021 հոգու, ևս 26 հոգու մասով կայացվել են որոշումներ, այսինքն՝ ընդհանուր առմամբ 4048 դեպքով կայացվել է փոխհատուցման որոշում պատերազմից հետո ընկած ժամանակաշրջանի համար, որից 471-ը հաշմանդամություն ունեցող անձինք են, իսկ 3577-ը պատերազմի ժամանակ զոհված կամ անհետ կորած ու անհայտ բացակայող ճանաչված անձինք են։
Կյանքը Հայրենիքին նվիրած տղաների ընտանիքներին տրվող գումարի չափն արդեն հատել է 49 մլրդ դրամի սահմանը։ Որքան էլ տարեսկզբից բարձրացվեց աշխատավարձերից պահվող դրոշմանիշային գանձումը, պարտադիր այդ վճարումները պահանջվող ծախսին չեն հերիքում՝ հաշվարկում են հիմնադրամում։
Սոնա Բաղդասարյան (Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի ֆոնդահայթայթման ու դոնորների հետ կապերի պատասխանատու) - Մենք այսօր կանխատեսում ենք, որ մինչև տարվա վերջ մոտ 15 մլն դոլարի բաց կա ֆինանսական լրացնելու, որը պետք է համալրել:
Ֆոնդը լրացնել այստեղ փորձում են հնարավոր բոլոր տարբերակներով․ դրամագլխի տրամաբանությամբ ակտիվների որոշ մասն այսպես ասած աշխատացնում են։ Աշխատում սփյուռքի և տեղի մեծ ու փոքր դոնորների հետ, ամեն ամիս 25 հազար դրամ վճարող 1000-ից ավելի նվիրատու ունեն։ «Մեգերյան կարպետի» հետ 1000-ական դրամներ կուտակող գորգ, որ դրված է «Մարիոթ» հյուրանոցում, բայց նաև վիրտուալ կարելի է հյուսել աշխարհի բոլոր ծայրերից։ Ավարտին աճուրդի կհանեն։ Եվս մեկ աճուրդ կանցկացնեն հոկտեմբերի 16-ին։
Սոնա Բաղդասարյան - Նախատեսում ենք հոկտեմբերին իրականացնել art for Armenia օնլայն աճուրդ՝ պատերազմի ժամանակ ստեղծված գործերի:
Զոհված կամ առաջին, երկրորդ կարգի զինհաշմանդամ շահառուների թիվը հիմնադրամում հիմա ավելանում է առավելապես անհետ կորածների ցուցակի հաշվին՝ ասում է փոխհատուցումների գծով փոխտնօրենը։ ՊՆ-ից ի սկզբանե ստացած 1081 տվյալից, պարզվում է, 12-ը ճիշտ չեն եղել:
Սմբատ Սաիյան - Այս ընթացքում այդ 1069 հոգուց 598 հոգի արդեն իսկ դարձել է հիմնադրամի շահառու, մեր ունեցած տեղեկատվության համաձայն՝ 101 հոգին հուղարկավորված է այս պահին, դադարել են անհետ կորած համարվել, և ևս կան 65 անձ, ովքեր ԴՆԹ-ով նույնականացվել են, բայց չեն հուղարկավորվել, և ևս 267 հոգի, մեր ունեցած տեղեկատվությունների համաձայն՝ համարվում է անհետ կորած:
Որպեսզի անհետ կորած զինծառայողի համար պետությունը շարունակի գումար վճարել, ընտանիքը հիմա արդեն պարտադիր պետք է դատարան դիմի՝ հարազատի համար անհայտ բացակայողի կարգավիճակ ստանալու նպատակով։ Պատճառը՝ ամիսը 300 հազար հատկացնող «Կամուրջ» ծրագրի այդ բաղադրիչի փակվելն է։
Սմբատ Սաիյան - Մինչև օգոստոսն անձն իրավունք ուներ ստանալու այդ գումարը, սեպտեմբերին ստացել են վերջին վճարումները օրենքով նախատեսված ժամկետը լրանալու համար, այլևս որևէ մեկն որպես անհետ կորած այդ գումարը չի ստանալու:
Այս պահի դրությամբ՝ 41 զինծառայողի համար հարազատներն արդեն անհայտ բացակայողի կարգավիճակ են ստացել․ նրանց փոխհատուցվում է զոհվածի կարգի համաձայն։ Չնայած պատերազմից տարի է անցել, հատուցման ներկայացվող դեպքերի քանակը շաբաթվա կտրվածքով դեռ հասնում է մի քանի տասնյակի։ Տվյալների հերթական խումբը պաշտպանության նախարարությունից բերեցին մեր նկարահանման ընթացքում։
Իրենց վիճակագրությունը դաժան է՝ ասում են: Դատելով թվերից՝ հիմնադրամին դեռ չեն դիմել, հայտ դեռ չեն ստացել հաշմանդամություն ստացած 100, զոհված մոտ 450 զինծառայողի հարազատից։