Գերմանիայի Բունդեսթագի ընտրություններում հաղթած Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Օլաֆ Շոլցը մտադիր է կոալիցիա կազմել «կանաչների» հետ և կոչ է արել Քրիստոնեա-դեմոկրատական միությանը (ՔԴՄ) դառնալ ընդդիմություն, հայտնում է ТАСС-ը:
ՔԴՄ դաշինքը և Քրիստոնեա-սոցիալական միությունը տեղ չունեն նոր կաբինետում: «Քաղաքացիները հստակ մանդատ են սահմանել. սոցիալ-դեմոկրատները, կանաչներն ու ազատ դեմոկրատները պետք է մտնեն հաջորդ կառավարություն»,- ասել է Շոլցը:
Ավելի վաղ ՍԴԿ-ն հաղթել էր սեպտեմբերի 26-ին կայացած Բունդեսթագի 20-րդ ընտրություններում, Գերմանիայի բոլոր 299 շրջանում սոցիալ-դեմոկրատները ստացել են ձայների 25,7 տոկոսը: ՔԴՄ-ն և ՔՍՄ-ն ստացել են ձայների 24,1 տոկոսը, «Կանաչները»` 14,8, Ազատ դեմոկրատական կուսակցությունը՝ 11,5 տոկոս:
Ըստ փորձագետների՝ սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների դաշինքը» կարող է բարդացնել «Հյուսիսային հոսք-2» գազատարի գործարկումը, չնայած այն արդեն կառուցված է:
Շատերի կարծիքով էլ՝ Գերմանիան կարող է կորցնել առաջնորդի դիրքը Եվրոպայում, երբ Անգելա Մերկելը լքի դաշնային կանցլերի պաշտոնը:
Ըստ գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարի՝ Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կանցլերի թեկնածու Օլաֆ Շոլցը Մերկելից ավելի թույլ վիճակում կլինի, քանի որ նրա օգտին քվեարկել է ընտրողների միայն 25 տոկոսը: Նա նշել է, որ նոր կանցլերի համար դժվար կլինի ստեղծել իր քաղաքական գիծը և հավատարիմ մնալ դրա ընթացքին: