ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան
Մեկ տարի առաջ այս օրը սկսվեց մեր նորօրյա պատմության մեջ ամենադաժան՝ Արցախյան երկրորդ պատերազմը:
44-օրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարության մեջ շեշտվում է՝ պատերազմից մեկ տարի անց, հազարավոր զոհերից ու վիրավորներից բացի, դեռևս ունենք գերության և անհայտության մեջ գտնվող զավակներ:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան
Այսօր առավել քան երբևէ պետք է ներդնենք մեր ուժերը հանուն գերիների վերադարձի, հանուն վիրավորների ապաքինման, հանուն անհայտ կորածների հայտնաբերման։
Հանուն ուժեղ Հայաստանի և Արցախի...
Պետք է կարողանանք գլուխներս բարձր և մեջքներս ուղղած դուրս գալ ստեղծված իրավիճակից և թեկուզ դանդաղ քայլերով, բայց շարժվենք առաջ...
ՊԱՏԵՐԱԶՄԻ ՆՊԱՏԱԿՆ ԷՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳԻՑ ՀԱՆԵԼ ԼՂ ՀԻՄՆԱՀԱՐՑԸ
44-օրյա պատերազմը նախապես ծրագրված ու նախապատրաստված ռազմական ագրեսիա էր, որի նպատակն էր ուժի կիրառման և հայ բնակչության բնաջնջման միջոցով միջազգային օրակարգից հանել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը։ Իր հայտարարության մեջ նշել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:
ՀՀ ԱԳՆ
Ադրբեջանը հետևողականորեն խոչընդոտում էր հումանիտար հրադադար հաստատելու միջազգային հանրության, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը, ինչի հետևանքով նախարարական մակարդակով ՌԴ-ի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի նախաձեռնությամբ համաձայնեցված երեք հրադադարներն այդպես էլ կյանքի չկոչվեցին։ Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահի նախաձեռնությամբ կրակի դադարեցման մասին եռակողմ հայտարարությունը, որին հետևեց ՌԴ խաղաղապահների մուտքը Լեռնային Ղարաբաղ, դադարեցրեց Ադրբեջանի ագրեսիան և պայմաններ ստեղծեց Արցախում բնակչության համապարփակ անվտանգության երաշխավորման համար։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը շեշտում է՝ Հայաստանը հանդես է գալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու և մանդատի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի լիարժեք մեկնարկի դիրքերից։
ՀՀ ԱԳՆ
Միևնույն ժամանակ, առաջնահերթ նշանակություն են ստանում հումանիտար խնդիրների հրատապ կարգավորումը, այդ թվում՝ բոլոր ռազմագերիների և քաղաքացիական պատանդների հայրենադարձումը և բռնի անհետացման դեպքերի հասցեագրումը:
Հայաստանը շարունակելու է հետևողական լինել Արցախի ժողովրդի իրավունքների վերականգնման ու պաշտպանության հարցում և ջանքեր գործադրել՝ հասնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդարացի, համապարփակ ու տևական լուծման և երաշխավորելու իր հայրենիքում ազատ, անվտանգ և արժանապատիվ ապրելու արցախահայության իրավունքը:
ԲԱՑԱՌՎՈՒՄ Է ՑԱՆԿԱՑԱԾ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԱԶՄՈՒՄ
Արցախի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ պատերազմից մեկ տարի անց էլ Ադրեջանը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը՝ հոգեբանական ճնշման և ահաբեկման միջոցով Արցախը հայաթափելու նպատակով։
ԱՀ ԱԳՆ
Այսօր, առավել քան երբևէ, հաստատակամ ենք՝ ամրապնդելու և զարգացնելու մեր անկախ և ինքնիշխան պետականությունը և ինքնուրույն որոշելու մեր քաղաքական ապագան՝ բացառելով ցանկացած կարգավիճակ Ադրբեջանի կազմում։
Արցախի արտաքին քաղաքական առաջնահերթությունները շարունակում են մնալ՝ Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը, աշխարհաքաղաքական սուբյեկտայնության պահպանումը, Արցախի տարածքների դեօկուպացիան, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցային գործընթացի շարունակումը՝ Արցախի լիիրավ մասնակցությամբ, տարբեր երկրների ու կառույցների հետ հարաբերությունների զարգացումը։
ՋԱՆՔԵՐ ՆԵՐԴՆԵՆՔ ԱԶԳԻ ՀԱՄԱԽՄԲՄԱՆ ՀԱՄԱՐ. ԳԱՐԵԳԻՆ Բ
Պատերազմը մեծ փորձություն էր, որի պատճառած ավերները և մեր ժողովրդի առջև ծառացած լուրջ մարտահրավերները չեն կարող վճռվել ներհասարակական լարվածության ու պառակտվածության պայմաններում, ուղերձում նշել է Ամենայն Հայոց կաթողիկոսը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոս
Վերելքի մեր ուղին յուրաքանչյուրիցս պահանջում է պատասխանատվության բարձր գիտակցություն և հայրենանվիրումի ոգի, համախմբում և միասնական ջանքեր՝ պաշտպանելու Արցախի մեր ժողովրդի ազատ ապրելու իրավունքը, Հայաստանի սահմանները, հաղթահարելու պատերազմով առավել սրված սոցիալական խնդիրները։
ՀԱՎԱՏՔՈՎ ՈՒ ՆՎԻՐՈՒՄՈՎ ՊԱՇՏՊԱՆ ԿԱՆԳՆԵՑԵ՛Ք ՀԱՅՐԵՆԻՔԻՆ. ԱՐԱՄ Ա
Հավատքով ու նվիրումով պաշտպան կանգնեցե՛ք հայրենիքին, թշնամու դիմաց մնացե՛ք ամուր. Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի կոչն է հայությանը:
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա
Այն, որ այս սրբազան նպատակին համար ինքն իրեն կզոհի՝ նահատակ է, և դուք հպարտ պետք է լինեք, որ ձեր զավակները մեր ազգի ու հայրենիքի համար դարձել են նահատակներ։
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան