ՀՀ-ի և Իրաքյան Քուրդիստանի բուհերի միջև ձևավորվող համագործակցության շրջանակներում Իրաքյան Քուրդիստան է այցելել Մարոկկոյում և Թունիսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, քրդագետ, պատմական գիտությունների դոկտոր Արշակ Փոլադյանը:
Այցի ընթացքում պրոֆեսոր Արշակ Փոլադյանը Էրբիլի, Դհոկի և Սուլեյմանիեի մի շարք համալսարաններում հանդես է գալու դասախոսություններով հայ-քրդական պատմական առնչությունների, Հայաստանում քրդագիտական ուսումնասիրությունների, քրդերի ծագման վերաբերյալ անտիկ և միջնադարյան աղբյուրների, ինչպես նաև Մերձավոր Արևելքում ՀՀ արտաքին քաղաքականության վերաբերյալ:
Սեպտեմբերի 26-ին պրոֆեսոր Արշակ Փոլադյանը այցելել է Դհոկի համալսարան, համալսարանի ղեկավարության, պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության համար հանդես եկել դասախոսությամբ, պատասխանել նրանց հետաքրքրող բազմաբնույթ հարցերին:
Դեսպան Արշակ Փոլադյանին ընդունել է նաև Դհոկի նահանգապետ պարոն Ալի Թաթարը, որի ընթացքում քննարկվել են հայ-քրդական պատմական և ներկա առնչությունները, ՀՀ-ում քրդագիտական ուսումնասիրությունները, գիտակրթական համագործակցության խորացման հեռանկարները: