«Թիրախավորեցին անմեղ մարդկանց, երեխաներին, մեր պատմական եկեղեցիները, անօդաչու սարքերով բնաջնջում էին ընտանիքներ, սպիտակ ֆոսֆորով թունավորում շրջակա միջավայրն ու մարդկանց։ Սա այն նույն Թուրքիայի կառավարությունն է, որը սատարում էր «Իսլամական պետությանը», հիմա էլ աջակցում է «Թալիբանին»։
Երբ վաշինգտոնահայերը քայլեցին դեպի Թուրքիայի դեսպանատուն, ոստիկանությունը երթևեկության համար փակեց պողոտան։
Րաֆֆի Սամուրքաշյան (համայնքային ակտիվիստ) - Տասնյակ հայ ռազմագերիներ Բաքվում են հենց այս պահին, ինչ մենք խոսում ենք։ Ադրբեջանի կառավարությունը նրանց զրկել է տարրական իրավունքներից։ Բայց այսօր մենք այստեղ ենք ոչ թե իբրև պարտված, այլ միավորված հայ համայնք։
Մեր կյանքը տակնուվրա եղավ նախորդ տարի այս օրը՝ ասաց Հայ երիտասարդաց դաշնակցության ակտիվիստը։ Նա քննադատություն հնչեցրեց Թուրքիայի հասցեին։
Այս օրերին Վաշինգտոնում է «Մեկ ազատ աշխարհ» միջազգային իրավապաշտպան կառույցի ղեկավար, հոգևորական Մաջեդ Էլ Շաֆին։ Նա պատերազմի ժամանակ երկու անգամ Արցախ գնաց։ Միացյալ Նահանգներում ու Կանադայում Էլ Շաֆին հանդիպում է օրենսդիր ու գործադիր թևերի ներկայացուցիչների հետ՝ բարձրացնելով Արցախի դեմ ագրեսիայի հարցը։
Մաջիդ էլ Շաֆի («Մեկ ազատ աշխարհ» միության ղեկավար) - Պետք է հիշենք, որ առաջին անգամն էր, որ Սիրիայից և Իրաքից ահաբեկիչներ բերվեցին օտար պետության տարածք պատերազմելու։ Սա նշանակում է իրականացնել միջազգային ահաբեկչական գործողություն։ Ու դա արել է ՆԱՏՕ-ի դաշնակիցը, այսինքն՝ ոչ թե միայն Կոնգրեսը պետք է արձագանքի, ինչպես եղավ օրերս, այլ նաև ամբողջ Հյուսիսատլանտյան դաշինքը։
Էլ Շաֆին ֆիլմ է նկարում վերջին պատերազմի թեմայով։ Դրանում ներառել է Արցախում կատարած տեսագրություններն ու թեմատիկ հարցազրույցները։
Մաջիդ էլ Շաֆի - Վերջին միջազգային կառույցն էինք, որ այցելեց Շուշի։ Երբեք չեմ մոռանա մեր հեռանալու տեսարանը՝ քահանան խփում էր եկեղեցու զանգերը, իսկ շուրջն ամենուրեք որոտում էին պայթյունները։
Ու որպես ամփոփում՝ սոցցանցերում նոր լուսանկարները պատկերում են Շուշիի Կանաչ ժամին հասցված հերթական վնասը։ Այս մասին լրագրողական հարցմանն ի պատասխան պետքարտուղարությունից պատասխանել են. «Պահանջում ենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դիտորդները, հասարակական կազմակերպություններն ու լրագրողներն առանց սահմանափակումների մուտք ունենան Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ, որպեսզի կարողանան անկախ և անկողմնակալ գնահատական տալ հոգևոր և մշակութային ժառանգությանը հասցված վնասի վերաբերյալ պնդումներին»։