Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմից հետո Հայաստանի կառավարությունն Արցախին աջակցելու տարբեր սոցիալ-տնտեսական ծրագրեր է իրականացրել: Այդ նպատակով, ընդհանուր առմամբ, հատկացվել է 90.5 միլիարդ դրամ:
Իրականացված ծրագրերի ճնշող մեծամասնությունը սոցիալական բնույթի են: Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ընթացիկ ամսում ամփոփել է հետպատերազմյան շրջանում իրականացված ծրագրերի արդյունքները:
Թվերով ներկայացնենք դրանցից առավել խոշորները:
Սեպտեմբերյան պատերազմի հետևանքով տեղահանված արցախցի չափահաս և անչափահաս քաղաքացիներին տրամադրվել է 68,000 դրամ միանվագ աջակցություն, անշարժ գույք չունենալու դեպքում՝ հավելյալ 15,000 դրամ։ Ծրագրից օգտվել է ավելի քան 101,000 քաղաքացի, աջակցության ընդհանուր գումարը կազմել է շուրջ 7 մլրդ 500 մլն դրամ:
Արցախի Հանրապետությունում հաշվառված կամ փաստացի բնակված քաղաքացիներին ամսական տրամադրվել է 68,000 դրամ աջակցություն՝ 4 ամիս ժամկետով։ Շահառուների թիվն ավելի քան 100,000 է: Ընդհանուր գումարի չափը՝ 27 մլրդ։
Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված չափահաս և անչափահաս քաղաքացիներին տրվել է 300,000 դրամ աջակցություն։ Ծրագրից օգտվել է շուրջ 36,000 քաղաքացի, աջակցության ընդհանուր գումարի չափը՝ շուրջ 11 մլրդ դրամ է։
Պատերազմական ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով բնակության համար ոչ պիտանի դարձած բնակելի անշարժ գույք ունեցող արցախցիներին տրամադրվել է միանվագ՝ 250,000 դրամ աջակցություն։ Շահառուների թիվը շուրջ 5400 է: Տրամադրված ընդհանուր գումարը կազմել է շուրջ 1 մլրդ 400 մլն դրամ։
Արցախում տունը կորցրած արցախցիներին հյուրընկալելու համար իրականացվել են մի քանի միջոցառումներ։
Մասնավորապես՝ աջակցություն է տրամադրվել արցախցի ընտանիքներին հյուրընկալող քաղաքացիներին։ Յուրաքանչյուր չափահաս արցախցու Հայաստանում հյուրընկալելու համար հատկացվել է ամսական 30,000 դրամ, Արցախում՝ 45,000 դրամ։ Ծրագրերի միջոցով հյուրընկալվել է միջինում ամսական շուրջ 10,000 չափահաս քաղաքացի, տրամադրվել է շուրջ 2 մլրդ 600 մլն դրամ աջակցություն։
Ծրագրեր են իրականացվել Արցախի գործազուրկ քաղաքացիների ժամանակավոր զբաղվածությունն ապահովելու, աշխատանքային փորձ ձեռք բերելուն աջակցելու, կենսաթոշակների, նպաստների, աշխատավարձերի և առողջապահական ծախսերի ֆինանսավորման ուղղությամբ: Հատկացվել է շուրջ 30 միլիարդ դրամ:
Հաջորդիվ նախատեսվում է շեշտը դնել Արցախի տնտեսությունը վերականգնելուն խթանող ծրագրերի իրականացմանը՝ սոցիալական ուղղվածությունը փոխարինելով տնտեսական ուղղվածությամբ:
Հեղինակ՝ Աննա Զախարյան