Հայաստանի Հանրապետությունն Արցախի Հանրապետության սոցիալական երաշխավորն է: Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում ապաստանած և Արցախում բնակվող արցախցիների համար իրականացվել է աջակցության 15 ծրագիր: Այսօր՝ Արցախյան երկրորդ պատերազմից 1 տարի անց, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը սոցիալական աջակցությունից անցում է կատարում զարգացման ծրագրերի:
Նարեկ Մկրտչյան (աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար) - Շատ կարևոր է, որ հնարավորություն տանք զբաղվածության հետաքրքիր ծրագրեր իրականանան Արցախում, որպեսզի արցախցիները դառնան ինքնաբավ և փորձեն վաստակել:
Իսկ արցախցիներին աշխատանքի և եկամուտ ունենալու հնարավորություն կընձեռի նախատեսվող 1000 սոցիալական բիզնեսի ներդրումը՝ սփյուռքի և Հայաստանի 1000 ընտանիքների կողմից:
Նարեկ Մկրտչյան - «Հայաստան» համահայկական հիմնադրամը պատրաստակամություն է հայտնել դառնալու առաջին 100 սոցիալական բիզնես ներդրողը Արցախում: Դրանք հիմնականում գյուղատնտեսական են լինելու՝ ջերմոցային տնտեսություններ հիմնելու ուղղությամբ:
Արցախի պետական համալսարանում կհիմնվի հարթակ, որի միջոցով տարբեր կազմակերպություններ կկարողանան իրենց ներդրումն ունենալ սոցիալական բիզնեսի կայացման գործում: Իսկ մինչ այդ արցախցիները նախարարության իրականացրած կրթական վերապատրաստման դասընթացների շնորհիվ արդեն գիտեն՝ ինչ է սոցիալական բիզնեսը:
Նարեկ Մկրտչյան - Սա բավականին հետաքրքիր մի մոդել է, որը հնարավորություն է տալիս հաղթահարելու աղքատությունը և անդրադառնալու մի շարք սոցիալական խնդիրների: Այսինքն՝ ոչ թե բիզնես մոդելը մշակված տրամադրվում է ինչ-որ համայնքի ինչ-որ քաղաքացու, այլ ուսումնասիրվում է որոշակի սոցիալական խնդիր, և ըստ դրա համարժեք բիզնես կոնցեպտ է մշակվում:
Այսինքն՝ սոցիալական բիզնեսը պետք է նպաստի սոցիալական խնդիրների լուծմանը: Դրանք կարող են առնչվել առողջապահությանը, գյուղատնտեսությանը, կրթությանը, տեխնոլոգիաների հասանելիությանն ու սննդի անվտանգությանը:
Նարեկ Մկրտչյան - Մենք ուղղակի գումար չենք տալու մարդկանց, մենք պետք է լինենք այդ մարդկանց կողքին, բացատրենք՝ ինչ է սոցիալական բիզնեսը, ինչպես բիզնես գաղափար հղանալ, ինչպես իրականացնել:
Արցախում 1000 սոցիալական բիզնեսի հիմնմանը մասնակցելու ցանկություն են հայտնել սփյուռքահայ բարերարներ աշխարհի տարբեր ծայրերից՝ օգնելով ախտորոշել Արցախի սոցիալական խնդիրները և դրանց վրա մշակել սոցիալական բիզնես: