Հայ և ռուս թռչնաբույծները գործակցություն կսկսեն թռչնագրիպի և այլ ինֆեկցիոն հիվանդությունների դեմ պատվաստման ոլորտում: Այսօր մեկնարկած թռչնաբույծների հայ-ռուսական համաժողովի մասնակիցները կայցելեն Հայաստանի թռչնաֆաբրիկաներ՝ տեղում ուսումնասիրելու ոլորտի խնդիրները:
«Լուրերի» հետ զրույցում Հայաստանի թռչնաբույծների միության նախագահը հավաստիացրել է՝ երկրում թռչնագրիպի տարածման վտանգ չկա՝ չնայած հարևան երկրներում այդ հիվանդության բազմաթիվ դեպքերին:
Սերգեյ Ստեփանյան (Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ) - Թռչնագրիպը նախորդ տարվանից սկսած ահագնապես արագ տարածվում է բոլոր երկրամասերում, այս անգամ ավելի մեծ տարածում գտավ Ռուսաստանի Դաշնության, Կորեայի, Հնդկաչինի, Կենտրոնական Ասիայի երկրներում: 2019-2020 թթ. մեր հարևան բոլոր երկրներում արձանագրվեց թռչնագրիպ, բացառությամբ մեր հանրապետության:
Նատալյա Մորոզ (ՌԴ կենդանիների առողջության պահպանման դաշնային կենտրոնի լաբորատորիայի վարիչ) - Մեր կենտրոնը Հայաստանի հետ գործակցում է տարբեր ոլորտներում, սակայն թռչնային պատվաստանյութերի գծով գործակցություն չունենք: Այսօր ժամանել ենք այստեղ, որպեսզի տեղում ծանոթանանք խնդիրներին, սկսենք աշխատանքները նաև այդ ուղղությամբ:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան