Իրաքում մի խումբ տեղական քաղաքական գործիչներ, ցեղերի առաջնորդներ և մի շարք էթնո-դավանական խմբերի ներկայացուցիչներ հրապարակավ հանդես են եկել Իսրայելի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորման կոչով, հայտնել է ТАСС-ը:
Էրբիլում (Իրաքյան Քրդստան) հրավիրված «Խաղաղություն և վերականգնում» խորագիրը կրող համաժողովը, որին մասնակցել է մոտ 300 պատվիրակ, կազմակերպվել էր Նյու Յորքում տեղակայված Խաղաղ հաղորդակցության կենտրոնի կողմից, որը հանդես է գալիս Իսրայելի և արաբական երկրների միջև հարաբերությունների կարգավորման օգտին:
Համաժողովի մասնակիցները, մասնավորապես, նշել են. «Մենք պահանջում ենք, որ Իրաքը նորմալ հարաբերություններ ունենա Իսրայելի հետ՝ «Աբրահամյան համաձայնագրերի» հիման վրա»:
Այդ աննախադեպ հայտարարությունն արդեն քննադատության է արժանացել երկրի իշխանության բոլոր ճյուղերի, քաղաքական և կրոնական վերնախավի կողմից:
Իրաքի կառավարությունն այդ հավաքը որակել է «ոչ լեգիտիմ» և հայտարարել է. «Նման հավաքները չեն ներկայացնում Իրաքի մեր բնակիչներին: Տվյալ անհատները հուսահատորեն փորձում են խոսել նրանց անունից, սակայն նրանք ներկայացնում են միայն իրենց: Այդ հանդիպման նպատակը երկրում ընդհանուր իրավիճակը ապակայունացնելն ու միջկրոնական թշնամանքի, ատելության մթնոլորտը վերակենդանացնելն է, մինչ բոլոր իրաքցիները պատրաստվում են արտահերթ և արդար ընտրություննեի անցկացմանը»: