Նոր աղբահավաք մեքենան և 240 աղբամաններն արդեն Իջևանում են: Հայկական Կարմիր խաչի ընկերության և Ճապոնիայի կառավարության նվերն է: Բնակիչները շուտով կզգան փոփոխությունը:
Արթուր Ճաղարյան (Իջևանի քաղաքապետի պաշտոնակատար) - Նման աղբահավաք մեքենա չունեինք, էս նոր մեքենան ավելի կբարելավի աղբահանության հարցը:
Իջևանի քաղաքապետարանում ստորագրվեց նվիրատվության համաձայնագիրը: Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանը ներկաներին հաճելիորեն զարմացրեց հայերենի իր իմացությամբ:
Մասանորի Ֆուկուշիմա (ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան) - «Փոխենք մտածելակերպը, մաքրենք քաղաքը». համայնքի դիմակայունության բարձրացմանը միտված այս ծրագիրը, որը կօգնի բարելավելու աղբահանության համակարգը, սկսեց կյանքի կոչվել, երբ 2020-ին Իջևանի քաղաքապետարանը աղբի կառավարման խնդրին աջակցելու համար դիմեց Հայկական Կարմիր խաչի ընկերությանը: Սա առաջին գործակցությունը չէ, և վերջինը չի լինի:
Աննա Եղիազարյան (Հայկական Կարմիր Խաչի ընկերության գործադիր տնօրեն) - Այս նախաձեռնությունը շատ կարևոր է Իջևանի համար, քանի որ համատեղ հայտնաբերած խնդիր է, սերտ համագործակցում ենք համայնքապետարանի, մարզպետարանի հետ, այս ծրագրի իրականացումը կնպաստի աղբահանության խնդրի լուծմանը:
Իր երկրի կառավարության անունից Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ դեսպանը տարբեր ոլորտներում շարունակական աջակցության և գործակցության պատրաստակամություն հայտնեց: Սա դեսպանի առաջին այցն է Տավուշի մարզ:
Մասանորի Ֆուկուշիմա - Տպավորությունս հիանալի է, շատ գեղեցիկ բնություն է, մարդիկ բարի են, ընդունակ, իսկ ուտելիքը՝ շատ համեղ: