Մի շարք հարցեր և դրանց լուծման հնարավոր եղանակներ: Հայաստանի բիզնես համայնքի ներկայացուցիչներն ու գործարարները ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում հանդիպել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանի, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով կոլեգիայի անդամ Ռուսլան Բեկետաևի, ԵԱՏՄ ներքին շուկաների գործունեության, տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտների ներկայացուցիչների հետ:
Ռուսլան Բեկետաև (ԵԱՏՄ տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով կոլեգիայի անդամ) - Եթե խոստովանեմ, առաջին անգամ եմ Հայաստանում, և այն, ինչ ես տարիներ շարունակ լսում էի Հայաստանի մասին, այստեղ զգացի՝ ջերմություն, հյուրընկալություն: Ես շատ եմ ուզում, որ այսօրվա հանդիպումը չլինի ինչ-որ ֆորմալ հանդիպում, այլ առանձնացնենք այն հարցերը, որ կկարողանանք լուծել, իսկ որոնք լուծել չկարողանանք՝ իմ կոլեգաները պետք է հիմնավորեն՝ ինչու:
Այսպիսի ուղիղ ձևաչափով բիզնես ներկայացուցիչների հանդիպումը առաջին անգամ չէ: 2019թ-ից ավանդաբար ամեն տարի գործարարները հանձնաժողովի անդամներին հարցեր ուղղելու հնարավորթյուն ունեն: Այդ մասին նշեց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը:
Դեղագործական, տրանպորտային, փոքր-միջին ձեռնարկատիրություն, տեքստիլ. Հանդիպմանը ընդգրկված ոլորտները բազմազան են, ամեն ոլորտ իր խնդիրն ունի, բայց կան ընդհանուր խնդիրներ ևս:
Փոխնախարարը շեշտում է՝ նախորդ տարիների հանդիպումների ընթացքում մի շարք հարցերի մասին արդեն բարձրաձայնվել է, մի մասը կամ լուծվել է, կամ լուծման փուլում է:
Կորոնավիրուսը շատ է անդրադարձել ոլորտի վրա, հանձնաժողովի գրեթե բոլոր անդամ երկրների պարտքն ավելացել է։ Այդ մասին էլ նշեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով կոլեգիայի անդամ Ռուսլան Բեկետաևը, նաև ավելացրեց՝ այսօր էկոնոմիկայի ոլորտում ամեն ինչ դեպի լավն է գնում: ԵԱՏՄ-ում հաստատված Ռազմավարություն-2025-ի իրականացման պլանի ժամկետները չեն փոխվում:
Ռուսլան Բեկետաև - Պատնեշները պետք է վերացնել, անկախ համավարակից, և, համապատասխանաբար, մինչև 2025 թվականը այն ժամանակահատվածն է, որ մենք պետք է առավելագույն արդյունավետությամբ աշխատենք խոչընդոտների հաղթահարման ուղղությամբ:
Հարցերի գերակշիռ մասը վերաբերում էի ԱԱՀ-ի վերադարձին, նաև միասնական հարկային համակարգ ստեղծելու առաջարկ հնչեց:
«ԿԱՆԱՉ ՄԻՋԱՆՑՔ»՝ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՌՈՒՍԱՍՏԱՆ ԲԵՌՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Գործարարներին մտահոգող հարցերի մեծ մասն էլ Վերին Լարսում «կանաչ միջանցք» ունենալուն էր վերաբերում: Վարոս Սիմոնյանի դիտարկմամբ՝ Հայաստանից Ռուսաստան բեռների համար «կանաչ միջանցքը» կարող է գործարկվել 2022 թվականին։
Առանց լրացուցիչ զննման բեռների ազատ տեղաշարժը նախատեսված է Եվրասիական միության էլեկտրոնային նավիգացիոն պլոմբի ներդրման մասին համաձայնագրի շրջանակում, որը նախատեսվում է ստորագրել 2021 թվականի վերջին, ապա անդամ երկրների մակարդակով վավերացնել հաջորդ տարվա ընթացքում:
Ներկայում Եվրասիական տնտեսական հանձնաժողովում քննարկվում են համաձայնագրի տեխնիկական հարցերը, մասնավորապես՝ ենթաակցիզային ապրանքների (ալկոհոլի և ծխախոտի) համար պլոմբների կիրառումը:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան