ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) և Իգոր Խովաևը (ՌԴ) հանդես են եկել հետևյալ հայտարարությամբ.
«ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների շրջանակներում Մինսկի խմբի համանախագահները Նյու Յորքում առանձին հանդիպումներ են ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ: Համանախագահները երկու արտգործնախարարներին հետ նաև համատեղ հանդիպում են անցկացրել: Հանդիպումներին մասնակցել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը:
Համանախագահները և արտգործնախարարները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև չլուծված հարցերի լայն շրջանակ: Համանախագահները հանդես են եկել իրավիճակի դեէսկալացիային ուղղված հստակ նպատակային միջոցառումների և հետագա հնարավոր քայլերի առաջարկով: Համանախագահները շեշտել են իրենց շարունակական վճռական աջակցությունը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի և նրա թիմի կողմից իրականացվող բոլոր անհրաժեշտ միջոցառումներին և գործողություններին:
Սեպտեմբերի 24-ին համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը հանդիպել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական և խաղաղաշինության հարցերով տեղակալ Ռոզմարի Դիկարլոյի ու ԵԱՀԿ գործող նախագահ, արտգործնախարար Անն Լինդեի հետ՝ ներկայացնելով նրանց նախորդ տարվա իրենց ջանքերը, այդ թվում՝ վերջին զարգացումները:
Համանախագահները ողջունում են 2020 թ. նոյեմբերից ի վեր երկու արտգործնախարարների առաջին հանդիպումը՝ որպես երկու երկրների վճռականության նշան՝ ուղիղ երկխոսության միջոցով կրկին ներգրավվելու խաղաղ գործընթացում՝ ուղղված տարածաշրջանում անվտանգության, կայունության և բարգավաճման խթանմանը: Համանախագահները վերահաստատում են իրենց հանձնառությունը` իրենց մանդատի համաձայն շարունակել կողմերի հետ աշխատանքը` գտնելու համապարփակ լուծումներ մնացած բոլոր հարցերին, որոնք վերաբերում են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և դրա հետևանքներն են»: